«Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) կրթական ծրագիրը օրերս ճանաչվեց հավասարազոր անգլիական Քեմբրիջի և ամերիկյան խորացված կրթական ծրագրերին: Այդ առթիվ «Այբ» կրթական հիմնադրամում ասուլիսով հանդես եկան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
ԱԲ-ի հավասարազորության ճանաչման աշխատանքներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության (ՄԲ ՃՀԱԳ) առաջնորդությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա կրթությամբ առաջատար երկրների կողքին: Ծրագրի գաղափարը «Այբ» դպրոցինն է, և իրականացվում է ԿԳ նախարարության հետ՝ Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Անգլիայի Կրթության ինստիտուտի համագործակցությամբ: Ինչպես հայտնեցին բանախոսները՝ «Արարատյան բակալավրիատը» հնարավորություն է տալիս աշակերտներին իրենց իսկ դպրոցում սովորել միջազգային բուհերի քննական ողջ ծրագիրը և հանձնել այդ քննությունները հենց հայերեն: Այս ծրագրի առավելություններից մեկն այն է, որ աշակերտները հնարավորություն են ստանում առանց լրացուցիչ քննություններ հանձնելու ընդունվել միջազգային առաջատար համալսարաններ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Սինգապուրում, Ճապոնիայում և այլուր:
«Ընդունելության կարգի մեջ համալսարանի պահանջած միակ հավելումը կարող է լինել դիմորդի էսսեն կամ նմանատիպ այլ աշխատանք», ասաց նախարարը: Նախատեսվում է առաջիկա տարիներին ԱԲ-ը ներդնել յուրաքանչյուր մարզի և Արցախի ամբողջապես վերանորոգված և կահավորված մեկական դպրոցում, այնուհետև՝ ՀՀ և Արցախի բոլոր ավագ դպրոցներում: Տեր Մեսրոպն քահանան իր հերթին պատմեց ԿԳԱԾ-ի մասին, որում ընդգրկված է «Արարատյան Բակալավրիատը»: 2014-ից մեկնարկած այս տասնամյա ծրագիրը նպատակ ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցունակ այլընտրանքային կրթական ծրագրեր ներդնել Հայաստանի դպրոցներում և ստեղծել նույն չափանիշներին համապատասխան ուսուցիչների համայնք:
Կարդացեք նաև
Ասուլիսի ավարտին «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Արամ Փախչանյանը «Արարատյան բակալավրիատի» քննությունը հանձնած աշակերտներին շնորհեց Անգլիայում տպված և հաստատված հավաստագրերը: Բանախոսները ողջունեցին նրանցից յուրաքանչյուրին: ԱԲ-ի քննությունն անցկացվում է տարբեր առարկաների համար: Հավաստագիր ստացած աշակերտները պատմեցին, որ քննությանը պատրաստվելիս հիմնական դժվարությունը եղել է այն, որ նյութերն ուսումնասիրել են անգլերեն, թարգմանված գրականություն չեն ունեցել, սակայն մեծ է եղել ուսուցիչների աջակցությունը՝ գիտելիքները յուրացնելու հարցում: Աշակերտներից ոմանք միտք ունեն դասագրքերն ինքնուրույն թարգմանելու:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ