Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՛մ բնակարանները տվեք, կա՛մ էլ բնակարանների դիմաց վճարված գումարները

Սեպտեմբեր 06,2016 14:24

Արգիշտի 11/11 հասցեի բնակիչները խնդրում են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին ու Արթուր Ջավադյանին միջոցներ ձեռնարկել` բնակարանները հետ ստանալու:

Չլուծված խնդիրները մեր երկրում տարիներ ի վեր փողոց են հանում հազարավոր քաղաքացիների: Հին խնդիրները չեն լուծվում, դրանց էլ գումարվում են նորերը: Կարելի է ասել, գրեթե ամեն օր ցուցարար քաղաքացիների թիվն ավելանում է, դրան զուգահեռ էլ` արտագաղթը:

100-ից ավելի ընտանիքներ, որոնք այս օրերին արդեն պետք է իրենց բնակարանները կահավորեին, հարդարեին ու, այսպես ասած, նոր կյանք սկսեին, ընկած են դատարանների դռները` պաշտպանելու բնակարան ունենալու իրենց իրավունքը:
Երեկ Արգիշտի 11/11 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բոլոր գնորդները դիմում են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Բանն այն է, որ 2008 թվականից մինչեւ 2010 թվականը «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի եւ Արգիշտի 11/11 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բոլոր գնորդների միջեւ կնքվել են անշարժ գույքի (բնակարանի) առուվաճառքի պայմանագրեր, որով գնորդները ձեռք են բերել բնակարաններ` տարբեր քառակուսի մետր մակերեսներով, եւ վճարել պայմանագրերով սահմանված բնակարանների ամբողջ գումարը:

Չնայած պայմանագրերով բնակարանները հանձնելու վերջնաժամկետ էր սահմանվել 31.05.2016 թվականը՝ «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի կողմից գնորդներին պայմանագրով նախատեսված բնակարանները դեռեւս չեն հանձնվել: Ավելին, գնորդների խոսքով՝ վերջերս տեղեկացել են, որ 29.03.2016 թվականի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Կ. Պետրոսյան) թիվ ԵԴԿ /0035/04/16 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ եւ չունի դրամական միջոցներ կառուցապատումն ավարտելու եւ բնակարանները ապագա բնակարանատերերին հանձնելու համար:

«Արդյունքում վճարելով բնակարանների ամբողջ գինը՝ զրկվել ենք ե՛ւ դրամական միջոցներից, ե՛ւ չենք ստացել բնակարանները: Ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական պայմանները եւ գումարի կորուստն ու բնակարաններ չստանալը ճակատագրական հարված են հասցրել մեր ընտանիքներին:

Հիմա էլ ստիպված ենք ներքաշվել դատական քաշքշուկների մեջ եւ գումարներ ծախսել իրավաբանների վրա, որ սնանկության արդյունքում էլ ո՛չ բնակարանները կստանանք, ո՛չ էլ բնակարանների դիմաց վճարված գումարները»,- երկրի պատասխանատուներին ուղղված նամակում գրում են բնակարանների գնորդները:

Նրանք միաժամանակ տեղեկացնում են, որ «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երեւան, Կենտրոն, Արգիշտի փողոց 11/11 հասցեում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքը գրավադրված է բանկերից մեկում:

«Խնդրում ենք ձեռնարկել միջոցներ, որպեսզի տվյալ բանկը, «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ դատական եւ պետական այլ մարմինները հայտնեն օրենսդրությամբ պահանջվող բոլոր անհրաժեշտ համաձայնությունները եւ ձեռնարկեն համապատասխան գործողություններ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 570.1 հոդվածին համապատասխան ծանրաբեռնելու վերոնշյալ շենքի համապատասխան բնակարանները մեզ գնման իրավունքով, որի արդյունքում հետագայում նույնիսկ այդ շենքի նկատմամբ բռնագանձում տարածվելու եւ շենքը նոր սեփականատիրոջը փոխանցելու դեպքում կպահպանվի մեր բնակարանների ձեռք բերման (գնման) իրավունքը նույն պայմաններով»,- նշում են Արգիշտի 11/11 հասցեում բնակարաններ գնած քաղաքացիները:

Նրանք խնդրում են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին հանձնարարել համապատասխան ծառայություններին զբաղվել իրենց խնդրով, որպեսզի կանխեն, նրանց խոսքերով ասած` «տեղի ունեցող անարդարությունը՝ ստիպելով կա՛մ բնակարանները տալ, կա՛մ էլ բնակարանների դիմաց վճարված գումարները»:

Նամակի տակ ստորագրել են նշյալ հասցեի 30 գնորդ: Ի դեպ, շենքի բնակարանների գնորդները խնդիրը բարձրաձայնելու նպատակով բողոքի ակցիա են կազմակերպել եւ պատրաստվում են առաջիկայում էլ բողոքի նոր ակցիաներ անել:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930