Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի խաղամոլների հնարավորությունները կմեծանան

Սեպտեմբեր 06,2016 14:11

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: Այն կընդգրկվի սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի մեծ օրակարգ:
Այս նախագծին հեգնանքով արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը`նկատելով, որ Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք եւ հարցրեց, թե սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաեւ Չինաստան:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հիմնավորումներում եւ հարցի պատասխանում նկատեց, որ փոխադարձ համաձայնության են եկել` առաջարկվում է մուտքի եւ ելքի ազատ ռեժիմ: Ըստ այդմ, քաղաքացիները  365 օրվա ընթացում մինչև 90 օր լրանալը կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն: Նա եւ հարակից զեկուցողներ Ալեքսանդր Արզումանյան հստակեցրին, որ Չինաստան ազատ մուտք չի լինի: Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- հումորով արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես նշեց, որ Մակաոյում յուրահատուկ տնտեսական շահ կա խաղատների բիզնեսի զարգացման առումով եւ հետաքրքրվեց` իսկ ո՞րն է մեր շահը: «Մակաոյում ակնկալում են Հայաստանի խաղամոլ բարեկամներին էլ ներքաշել»,- ռեպլիկ նետեց Գուրգեն Արսենյանը`շարունակելով. «Շանգրիլա»: Այս խաղատունը, հիշեցնենք, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի մաս է կազմում, որի հիմնադիրներն են ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը:

Քվեարկությունից առաջ Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի հարց:

Նախագծին «կողմ» քվեարկեցին բոլոր պատգամավորները: Գուրգեն Արսենյանը բարձրաձայն հայտարարեց քվեարկության արդյունքը. «Միաձայն: Բոլորս ենք կողմ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930