Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները կարծես նոր էջից են սկսվել։ Գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է խնդրի լուծման գործում սեփական ներգրավվածությունն ունենալ։ Առայժմ գերակա դիրք է զբաղեցնում Ռուսաստանը։ Մեզ համար, թերևս, պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, թե այդ պատերազմից հետո հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ ինչպիսի դիրքում է։ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց ԱԺ ՀԿԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ։
– Ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ համար շահեկան ելք կունենա՞, եթե դրանով «զբաղվի» Ռուսաստանը։ Հայաստանի արևմտամետ ուժերը բավականին կոշտ են արձագանքում այս հանգամանքին։
– Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում եղել են արևմտամետ, ռուսամետ, հռոմեամետ, պարսկամետ ու չգիտեմ էլ ինչամետ ուժեր, բայց սուղ է եղել հայամետ քաղաքական գործիչների թիվը։ Առանձին մարդիկ եղել են, բայց դա քանակ չի կազմել։ Սա մեր ազգային դժբախտությունն է։ Ռուսամետները մեղադրում են եվրոպամետներին, վերջիններս էլ՝ առաջիններին։ Այդ բոլոր անհատները, կազմակերպությունները ինչպե՞ս են ապրում. այդ երկրների տված գրանտներով։ Ով ԱՄՆ-ից է գումար ստանում, իր տեքստն է տալիս նրանց կարդալու, ով ՌԴ-ից՝ իր տեքստը։ Տեսեք, այդ գումարներով ինչքան մարդկանց են հավաքում ու ճնշում հայամետ, հայրենասեր մարդկանց։
Այդ տեսակը նաև հեռուստատեսության եթերով է շատ երևում, մինչդեռ ազգային գործիչների գրեթե չես հանդիպի տարբեր հաղորդումներում։ Ինչքան «շպիոններ», անհայտ ծագմամբ կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ կան, երևում են էկրանին ու բարձր աղաղակում, թե հեսա-հեսա Ղարաբաղը զիջում ենք, հողեր ենք հանձնում։ Հայ քաղաքական գործիչների պակաս կա։ Էդ որ գնում են արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են։ Բա հո ձրի չե՞ն սովորեցնում, փող, ուտելիք տալիս։ Դրա համար էլ ամեն ինչ այսպիսի շիլաշփոթ վիճակում է։ Ղարաբաղի հարցը ոչ ռուսամետները, ոչ էլ ամերիկամետներն են լուծելու։ Ղարաբաղի հարցը ղարաբաղցիները և հայ ժողովուրդն են լուծելու։ Մնացածը թատրոն է։
Կարդացեք նաև
– Ոմանք պնդում են, թե Ղարաբաղի հիմնախնդիրը խանգարում է Հայաստանի տնտեսության զարգացմանը։
– Այդպես չէ։ Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ Ղարաբաղը հայտարարվի ազատ տնտեսական գոտի։ Ինչո՞ւ չեն անում։ Ղարաբաղի խնդիրը որ չլինի, հաջորդ օրը Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ ախպերանալո՞ւ են։ Ենթադրենք, Ղարաբաղի հարցը չկա, Թուրքիան վաղը բացելո՞ւ է սահմանները։ Էլի մի պատճառ գտնելու է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեկ խնդիր կա՝ հայերն այս տարածաշրջանում չպետք է լինեն։ Սա դարերի կռիվ է, ինչ կապ ունի Ղարաբաղը։ Կամ Սևանի հետ Ղարաբաղը ինչ կապ ունի, եթե Սևանի կեսը տանք նրանց, Ղարաբաղն էլ կտան, Նախիջևանն էլ հետը, որովհետև նրանք խմելու ջրի սարսափելի մեծ խնդիր ունեն։ Ղարաբաղում նրանց կռիվը հիմնականում Սարսանգի ջրամբարի համար է։ Թուրքիան այսօր կռվում է քրդերի հետ Եփրատի համար։ Այսօր աշխարհում պայքարը բնական ռեսուրսների համար է ու ամենակարևորը՝ ջրի։ Ադրբեջանի և Թուրքիայի միավորումը հնարավոր է միայն Հայաստանով, ուստի նրանց խնդիրը մեզ այս տարածաշրջանից «մաքրելն» է։ Սա նոր խնդիր չէ։
– Թեև Դուք Հայաստանի տնտեսության զարգացման խնդիրը չկապեցիք ղարաբաղյան հիմնախնդրի հետ, սակայն անկախ Հայաստանի իշխանությունները ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը պատճառաբանում են չլուծվող հակամարտությամբ։
– Իհարկե, չլուծվող հակամարտությունը խնդիր է, բայց Ղարաբաղը մեղավո՞ր է, որ տնտեսությունում օլիգարխիա կա։ Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան։ Տնտեսությունն այս պայմաններում էլ կարող է դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, զարգանալ։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում