Այս պահին Փարիզում սկսել է ստորագրահավաք՝ Թուրքիային իր նախկին կարգավիճակին՝ որպես մոնիտորինգի տակ գտնվող երկիր վերադարձնելու հարցով: Նշենք, որ այս պահին Փարիզում զուգահեռ ընթանում է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է իրավիճակը Թուրքիայում:
Aravot.am-ի հետ զրույցում շվեդ պատգամավորների հետ համատեղ ստորագրահավաքը նախաձեռնող, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհանուր ներկայացրել է Թուրքիա կատարած իր այցի արդյունքները, իսկ իրենք՝ շվեդ գործընկերների հետ զուգահեռ սկսել են ստորագրահավաքը: Փաստենք, որ նիստի ընթացքում Պեդրո Ագրամունտը դեմ է արտահայտվել Թուրքիային վերաբերող նման նախագիծ ներկայացնելու գաղափարին՝ պատճառաբանելով, թե «ստեղծված իրավիճակում դա օգուտ չի տա»:
Պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեցինք՝ արդեն ե՞րբ հնարավոր կլինի Թուրքիային վերադարձնել նախկին կարգավիճակին՝ որպես մոնիտորինգի տակ գտնվող երկիր, պատգամավորը պատասխանեց. «Սա դեռ գործընթացի սկիզբն է, բայց կարևոր է այն, որ հարցը դարձել է քննարկման առարկա»:
Թուրքիան կրկին հայտնվել է ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում հիմնականում այդ երկրում կազմակերպված հեղաշրջման փորձին հաջորդած մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատճառով: Այս առիթով պարոն Ֆարմանյանը մեկնաբանեց. «Հեղաշրջման փորձին հաջորդած՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումները հանգեցրել են նրան, որ քննարկման առարկա դառնա Թուրքիայի՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին վերադառնալու հարցը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս հարցը կքննարկվի ԵԽԽՎ՝ հոկտեմբերին կայանալիք աշնանային նստաշրջանում: Հավելենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հասկանալով, որ հարցը հասունանում է, առաջարկել է հոկտեմբերին մեկնել Ստրասբուրգ և ԵԽԽՎ լիագումար նիստում անձամբ ներկայացնել, թե ինչ է կատարվում Թուրքիայում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ