Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացել ենք սոխի հույսին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 06,2016 13:24

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներից երկուսը՝ Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը, դեռ շարունակում են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։

Նրանց երկուսի հարազատներն էլ նամակ են գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի զինծառայողների վերականգնողական բուժումը կազմակերպվի արտերկրում։ Հոսպիտալի մասնագետները չեն հերքում, որ դրա անհրաժեշտությունը կա, եւ հետագա բուժումն արտերկրում առավել արդյունավետ կարող է լինել։ Այստեղ տեղեկացանք, որ Ավետիսի բուժումն, ըստ էության, ավարտված է, եւ նրան ցանկացած պահի կարող են դուրս գրել՝ վերականգնողական բուժման անցնելու եւ շարժունակությունը վերագտնելու նպատակով։ Փոքր-ինչ այլ է իրավիճակը Ռոլանդի դեպքում, նա պառկելախոց ունի, որը հաղթահարելու համար դեոեւս կպահանջվի առնվազն մեկ ամիս։ Հիշեցնենք, որ երկու երիտասարդն էլ ստացել էին ողնաշարի եւ ողնուղեղի վիրավորում՝ Թալիշում։

Հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը մեր զրույցում փոխանցեց, որ որոշում կա Ավետիսին տեղափոխել Հնդկաստան։ Իսկ Ռոլանդի վերաբերյալ դեռեւս նման տեղեկություններ չկան։

Նեյրովիրաբուժական բաժանմունքի ղեկավար Հրայր Աճեմյանն էլ ասաց, որ այս երկու հիվանդների մոտ առկա է բուժման լավ արտահայտված դրական դինամիկա։ «Ես, որպես քաղաքացի (չասեմ՝ որպես բժիշկ, զինվորական), գտնում եմ, որ ավելի լավ է՝ Ավետիսը վերականգնողական բուժում ստանա արտասահմանում, չնայած այն բանին, որ մեր «Կարմիր խաչում» մեր վիրավորներից շատերը բուժվում են եւ իրենց մոտ էլ առողջական վիճակի, շարժումների մեջ առկա է լավ արտահայտված դրական դինամիկա»,- կարծիք հայտնեց բժիշկը։

Ավետիս Զարգարյանի ծնողներն առայժմ ձեռնպահ մնացին իրենց վիրավոր որդուն Հնդկաստան տեղափոխելու վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրելուց։ Ռոլանդ Սահակյանի հորեղբայրն էլ ասաց, որ համապատասխան նամակով պաշտպանության նախարարին են դիմել օգոստոսի 10-ին, բայց առայժմ ոչ մի գրավոր պատասխան չեն ստացել։ Արձագանքի ետեւից ինքն է գնացել։ «Գնացել եմ, իմացել եմ, որ թղթերն ուղարկել են առողջապահության նախարարություն։ Մինչեւ այս ամսվա վերջ սպասենք, տեսնենք՝ ինչ են ասում»,- մեր զրույցում նշեց Ռոլանդի հորեղբայրը։ 5 ամսվա ընթացքում 10 վիրահատության ենթարկված . երիտասարդի հարազատները նրա հետագա բուժումը կազմակերպելու համար որեւէ նախընտրելի երկիր ու կլինիկա չունեն, ասում են՝ կարեւորը տղան ոտքի կանգնի։ «Եթե այստեղ կարող են բուժել, թող այստեղ բուժեն, եթե կարող են իրենց հնարավորության չափով դուրս տանել՝ արտասահման, Ռուսաստան, որտեղ ուզում է լինի, ինձ համար տարբերություն չկա, կարեւորն այն է, որ արդյունքը տեսնենք, եւ մեր երեխան քայլի։ (Պաշտպանության) նախարարության կողմից ոչ մի բան չկա, ապրիլի 8-ին է մեր Սեյրան Օհանյանը եկել Ռոլանդիկին եւ Ավետիս Զարգարյանին տեսակցության, ձեռքը ձեռքին դրած նկարն էլ կա, կարող ենք ցույց տալ, ասաց՝ երեխեք ջան, ինչ պրոբլեմ ուզում է լինի, ես ձեր կողքին կանգնած եմ։ Վեցերորդ ամիսն է սկսվում, ինչ երեխեքը նույն պրոբլեմով տառապում են։ Ավտովթարից կամ ինչ-որ այլ պատճառով այս վիճակում հայտնված լիներ, կասեինք՝ հա, աչք կփակեինք, ոչ մի բան չէինք ուզենա։ Զինվոր ենք տվել, թող մեր զինվորին, չեմ ասում՝ հարյուր տոկոսանոց, թող վերադարձնեն յոթանասուն տոկոսանոց։ Լավ բաներ չեն անում, ազնվությամբ՝ լավ բաներ չեն անում։ Արտերկիր տեղափոխելու մասին էլ ստույգ պատասխան չկա, մի հատ ծնողին չեն զանգահարում, գոնե հետը խորհրդակցեն, ասեն՝ գիտե՞ք, ձեր երեխայի մասին մտածում ենք, ձեր երեխայով հետաքրքրվում ենք, ուզում ենք արտերկիր տեղափոխենք եւ այլն, եւ այլն»,- շարունակեց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930