Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կանխատեսմամբ, հայաստանյան ներքաղաքական կյանքում առաջիկա ամիսներին ուշագրավ ու ակտիվ զարգացումներ կունենանք:
«Ակնհայտ է, որ մոտակա մի ամսվա ընթացքում ներքին քաղաքականությունում կտեսնենք ակտիվ գործընթացներ, նախընտրական քարոզարշավի սկիզբ կլինի»,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով, սպասվող քաղաքական ակտիվացումները իշխանությունների համար անվտանգ են լինելու, որովհետեւ բոլորը նախընտրական թոհուբոհի մեջ են լինելու:
Ըստ նրա, ականատես կլինենք նաեւ դաշինքների ստեղծմանը, չնայած.«Այս պահին դեռ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւերում վերջնական որոշումներ չեն ընդունվել՝ ինչ ձեւաչափով տեղի կունենա նրանց ներգրավվածությունը նախընտրական քարոզարշավում»:
Կարդացեք նաև
Պարոն Մինասյանի կանխատեսմամբ, արտաքին քաղաքական կյանքում կլինեն հստակեցնող հարցեր, բայց ոչ մի առաջընթաց ԼՂ կարգավորման գործընթացում. «Ամռան ընթացքում տեղի ունեցած նախագահների մակարդակով հանդիպումները, տարբեր կոնսուլտացիաները եւ տիրող ռազմաքաղաքական իրադրությունը ռազմաճակատում, խոսում են այն մասին, որ դժվար, թե մոտ ժամանակներս ունենանք լուրջ առաջխաղացում ԼՂ բանակցություններում, դժվար թե կողմերից մեկը գնա միակողմանի զիջումների: Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ առաջխաղացում ցուցադրել ԼՂ կարգավիճակի եւ այդ կարգավիճակի ձեւավորման մեխանիզմների հստակ սահմանման առումով, հետեւաբար, դժվար թե ունենանք առաջխաղացում այն հարցերում, որոնք հետաքրքրություն են ներակայացնում ադրբեջանական կողմի համար՝ տարածքների զիջման եւ այլ հարցերի մասին է խոսքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ