Լրահոս
Օրվա լրահոսը

Մամեդյարովը, ուրանը, տաքսին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 06,2016 13:05

Նախորդ շաբաթվա սկզբին պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Վերջինս հանդիպել է իր վրաստանցի գործընկերոջը՝ Միխեիլ Ջանելիձեին։

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը խոսել են Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հարցերի շուրջ։ Նախարարները եւս մեկ անգամ մատնանշել են երկու երկրների միջեւ առկա քաղաքական, արեւտրատնտեսական եւ մշակութահումանիտար ոլորտներում հաջող համագործակցության իրողությունը։ Մասնավորապես ընդգծել են Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցության նշանակությունը՝ գլոբալ տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերի իրականացման գործընթացում։ Այս առումով կարեւորվել են բնական գազի միջանցքի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը։ Նախարարները ընդգծել են, որ նշված նախագծերի հաջող իրականացումը մեծ նշանակություն ունի, մի կողմից՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հզորացան, մյուս կողմից՝ Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության տեսանկյունից։ Առևտրատնտեսական երկկողմ համագործակցության հարցերից Վրաստանի ԱԳ նախարարը ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից ներդրումների աճող ծավալին եւ այս առումով առկա հեռանկարներին։ Ջանելիձեի հայտարարության համաձայն տնտեսական համագործակցության ցուցանիշը եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերական եւ բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու

երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) գործընթացը ժամանակին ավարտելու կարեւորությանը։ Արտգործնախարարները խոսել են նաեւ տարածաշրջանի մարտահրավերների մասին։ Վրաստանի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակին։ Կողմերը եւս մեկ անգամ հաստատել են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ աջակցությունը։

«Ուրանի գործը» եւ դեսպան Վարդանյանը

Սույն թվականի ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապօրինաբար ուրան իրացնելու մեղադրանքով ձերբակալել էր 6 անձի, որոնցից 3-ը Վրաստանի, մյուս 3-ը ՝ Հայաստանի քաղաքացիներ։ Գործի շուրջ նոր զարգացումներ կան։ Մեղադրյալի       կարգավիճակում

հայտնված Հայաստանի երեք քաղաքացիներից մեկի՝ Աշոտ Գորոյանի համար միջնորդել է Վոաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը։ Մեղադրյալի փաստաբան Թեմուր Գոգսաձեի խոսքերով, դեսպանը հանդես է եկել Գորոյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ նրա հանդեպ պայմանական պատժամիջոց, կամ գումարային տուգանք սահմանելու ակնկալիքով։ Փաստաբանը պարզաբանել է նաև, որ այն տեսակի ուրանը, որի վաճառքի համար մեղադրվում են Վրաստանի եւ ՀՀ քաղաքացիները, օգտագործվում է ինժեներական եւ ավիացիոն նպատակներով։ Վրաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նշված անձինք Թբիլիսիում 200 մլն դոլար արժողությամբ ուրան են փորձել իրացնել։ Հետաքննությունը ընթանում է միջուկային նյութի հանդեպ անկանոն վերաբերմունքի եւ վաճառքի փաստով, ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 230 հոդվածի առաջին կետի, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։ Այս գործին վերաբերող դատական լսումները շարունակվում են։ Հիշեցնենք, ՀԺ-ն տեղեկացրել էր, որ Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվածների մեջ է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։

Սկանդալային մուտք

Վրաստանյան շուկա մուտք գործել փորձող «Яндекс» տաքսի ծառայությունը կրկին սկանդալի կենտրոնում է: Ընկերության վարորդներից մեկն անցյալ շաբաթ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ մի ուղեւոր իրեն ֆիզիկական եւ բարոյական վնաս է պատճառել։ Այս կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ մեկ քաղաքացի է ձերբակալվել վարչական օրենսգրքի 166 հոդվածի (մանր խուլիգանություն) մեղադրանքով։

Հիշեցնենք, որ ռուսական «Яндекс» տաքսի ծառայությունը վրացական շուկա մտավ հուլիսի 23-ին, ինչն առաջին իսկ օրերից առաջացրեց հանրության որոշ հատվածի վրդովմունքը, քանի որ ընկերության քարտեզների վրա Վրաստանը նշված էր առանց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի:

Նորայր ԳԱՍՊԱՐՅԱՆ

Թբիլիսի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930