Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը հանեց «սեւ թուղթը»

Սեպտեմբեր 06,2016 12:31

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր  ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Նիստի մեկնարկին հեղինակը հայտարարեց, որ հանում է նախագիծը: «Ընկալում կար պարտադիրի, բայց զարգացումը հարցի այլ էր, չեմ էլ փոշմանում, որ ներկայացրել եմ, ուղղակի խնդիրը սուր ընկալվեց, բայց հուսամ ապագայում կաշխատենք, ավելի ճիշտ կմշակենք, և թե ինչ կլինի հեռավոր մի քանի տարի հետո՝ ականատես կլինենք»,- իր որոշումն այսպես հիմնավորեց պատգամավորը:

Հիշեցնենք, նախագծով պատգամավորն առաջարկում էր զորակոչվող զինծառայողների սերմնաբջիջների բանկ պահել` նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Նախագծում նշված է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»:

Թեւան Պողոսյանը նաեւ նկատեց, որ անկախ նախագծի հետ կապված իր որոշումից, մեր երկրում կա ժողովրդագրական խնդիր, եւ պետք է բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնելով դա փորձենք լուծել:

«Տեսաք, որ մեր հասարակությունը, ոչ միայն պետությունը պատրաստ չեն սրան»,-այսպիսին եղավ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի արձագանքը: Նա համամիտ է պատգամավորի հետ`նախագծի ճակատագրից անկախ կառավարությունում պետք է ուշադրություն դարձնեն առկա ժողովրդագրական եւ դեմոգրաֆիական խնդիրներին:

Թեւան Պողոսյանը ժպիտով նկատեց, որ իրեն այս նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ասում են «սեւ թուղթ ստորագրող»:  «Միգուցե շատ առաջ ընկանք, բայց տարբեր կարծիքների, քննարկումների հնարավորությունը եղավ: Բացի այդ, բավական լավ բազա է ստեղծվել ինձ մոտ, մարդիկ բավական շատ նյութեր են ուղարկել»,-ասաց նա՝ շեշտելով, որ 17% տղամարդկանց մոտ վերարտադրողականության խնդիր կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930