«ՉԻ» զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը
– Պարոն Մարտիրոսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 29-ի արտահերթ նիստում չեղյալ համարեց Ընտրական օրենսգրքում հունիսի 30-ին կատարված փոփոխությունները։ Խորհրդարանը այդ նախագիծն ընդունել էր նախապայմանով՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե ապահովվեն դրանք իրագործելու համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական միջոցները։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն էր։ Ինչպե՞ս կորակեիք փոփոխությունների չեղարկումը։
– Ակնհայտորեն անգամ այդ ոչ շատ էական փոփոխությունները իշխանությանը ձեռնտու չէին, եւ դրանք նախ ընդունվեցին նախապայմանով, հետո լիովին չեղարկվեցին՝ ինչ-որ թերի պատրվակով։ Անցյալ տարի փոխվել է Սահմանադրություն, փոխվել են օրենքներ, որպեսզի երաշխավորեն իշխող ուժի անվերապահ վերարտադրությունը։ Ինչպե՞ս կարող է իր կենսունակությունն ամեն գնով ապահովելու ձգտող ուժը նման հսկայական նախաձեռնություններ կատարել վերարտադրվելու համար եւ դրա ճանապարհին թեկուզ ոչ շատ էական խոչընդոտներ հանդուրժել։
– Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, իշխանությունները թույլ չտվեցին, որ մի քանի քաղաքների քաղաքապետներ կրկին առաջադրվեն։ Փոխարենը ՀՀԿ-ն նախապատվությունը տվեց ԲՀԿ անդամին, ինչպես օրինակ Արթիկ քաղաքի պարագայում ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանի փոխարեն իշխող ՀՀԿ-ն սատարելու է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին։ Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված այդ քայլը եւ ի՞նչ սպասելիքներ կան նման «նորամուծությունից»։
– Այսօր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ անգամ նախկինում եղած շատ թույլ անտագոնիզմը չկա։ ԲՀԿ-ն, եթե անգամ ինչ-որ կարգավիճակով կա, ապա ամբողջությամբ եւ անմնացորդ կառավարվում է ՀՀԿ-ի կողմից։ Այդ պարագայում ի՞նչ տարբերություն, թե որ կուսակցությունից է առաջադրվողը։ Այդպիսի դեպքում կարեւորն արդեն թեկնածուի անձն է։ Ամենայն հավանականությամբ սա այն թեկնածուն է, որ առավել հարմար է իշխանության քիմքին:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում