Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականություն աշխատաշուկայում. կանայք ավելի դժվար են գտնում աշխատանք և ավելի քիչ վճարվում, քան տղամարդիկ

Սեպտեմբեր 06,2016 12:15

Հայաստանում գործազուրկների 239 հազարանոց բանակում հիմնական մաս են կազմում կանայք, որոնց, չնայած 54 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, սակայն առավել դժվարությամբ են աշխատանք գտնում, իսկ 40 տարեկանից հետո էլ «բարետես, երիտասարդ» բնորոշմանը չհամապատասխանողները համալրում են գործազուրկների շարքերը:

Կանայք ոչ միայն դժվարությամբ են ընդունվում աշխատանքի, այլ նաև ավելի ցածր վարձատրվում: Հայաստանում իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունները փաստում են, որ կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին ամսական աշխատավարձին:

2016-ին «ՕքսԵՋեն» հիմնադրամի իրականացրած «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանցից ավելի երկար ժամանակ է պահանջվում աշխատանք գտնելու համար, քան տղամարդկանցից: Չորս տարի շարունակ աշխատանք փնտրող կանանց թիվը կազմում է 60 տոկոս, տղամարդկանցը՝ 39 տոկոս:

«ՕքսԵՋեն» հիմնադրամի հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են հիմնականում 2010-2014 թթ. Հայաստանի ներպետական և միջազգային փաստաթղթերը, ազգային զեկույցները, օրենսդրական կարգավորումները, անկախ փորձագետների կողմից իրականացված հարցումներն ու հետազոտությունները, որոնց միջոցով վեր են հանվել ուշագրավ վիճակագրական տվյալներ կանանց տնտեսական ակտիվության, աշխատաշուկայում նրանց աշխատավարձի չափի և հասարակությունում առկա մշակութային կարծրատիպերի մասին:

«Մենք միշտ մի խնդիր ունենք, որ կանայք աշխատանքի են ներգրավվում ցածր օղակներում, կատարողի, այլ ոչ թե որոշում կայացնողների դերում ու բարձր պաշտոններում: Օրինակ՝ դպրոցներում ուսուցիչները միշտ կանայք են, իսկ տղամարդիկ քիչ են, որովհետև դպրոցում աշխատավարձը ցածր է, տղամարդիկ չեն համաձայնում նման ցածր վարձավճարով աշխատանքի: Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնում ավելի շատ տղամարդիկ են»,-ասում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի շահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանը:

Anush

Ըստ Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հետազոտության տվյալների՝ հարցված տղամարդկանց 62 տոկոսը և կանանց 56 տոկոսը համաձայն են այն մտքի հետ, որ երբ աշխատատեղերը քիչ են, տղամարդիկ պետք է ունենան աշխատատեղ ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ, քան կանայք:

«Իսկ ինչու՞, որովհետև մենք ունենք մշակութային կարծրատիպ, որ կինն ընտանիքի և երեխաների դաստիարակության համար է, իսկ տղամարդը՝ հասարակության, «աղջիկը գնացող ա», իսկ «տղան տան սյունն ա, տան հիմնական աշխատողը»,-նշում է Խաչատրյանը:

«Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության համաձայն՝ Հայաստանում տղամարդկանց 78 տոկոսը և կանանց 75 տոկոսը կարծում են, որ կնոջ կարևորագույն առաքելությունը մայրությունն է, իսկ տղամարդկանց 47 տոկոսը կարծում է, որ աշխատող կնոջ երեխան չի կարող լավ կրթություն ստանալ:

«Մենք ունենք նաև կարծրատիպ, որ առավել պատասխանատու աշխատանքները տղամարդիկ ավելի լավ են իրականացնում: Այդ կարծիքին է տղամարդկանց 78 տոկոսը, իսկ կանանց 58 տոկոսը»,-հավելում է Խաչատրյանը:

2010-2014 թթ. ընթացքում, ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, Հայաստանում տղամարդկանց և կանանց միջին ամսական աշխատավարձը բարձրացել է, սակայն կանանց աշխատավարձը, ըստ տնտեսական գործունեության տեսակների, 2010-ի մոտ 79 000 դրամից բարձրացել է 2014-ին հասնելով մոտ 124 000 դրամի, իսկ տղամարդկանց աշխատավարձը նույն ժամանակահատվածում շուրջ 125 000-ից` 189 հազարի է հասել, այսինքն տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությունը կազմել է մոտ 53 000 դրամ:

«Վերլուծություններից մեկի համաձայն, պատանիների ու աղջիկների մեծ մասը կարծիք է հայտնել, որ տղամարդը պետք է կնոջից ավելի շատ գումար վաստակի, հակառակ դեպքում, եթե կինը սկսում է տղամարդուն հավասար կամ տղամարդուց ավելի շատ գումար աշխատել, ապա կինը կարող է այդ առիթը օգտագործել ընտանեկան հարաբերություններում անհնազանդություն ցուցաբերելու համար»,-ընդգծում է Խաչատրյանը և հավելում, որ սա նույնպես հասարակության մեջ առկա մշակութային կարծրատիպ է:

Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս՝ համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» տվյալների:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում Հայաստանի ցուցանիշը Վրաստանից (51.1%) և Ղազախստանից (38.1%) հետո երրորդն է: ԵՄ անդամ երկրների համադրված ճեղքվածքը 15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս:

Հետազոտությունում նաև նախնական հաշվարկներ են ներկայացված ընտանեկան և կանանց նկատմամբ տնտեսական բռնության հետևանքով տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ:

Garik-Hayrapetyan

«Նախնական հաշվարկներով, Հայաստանին ընտանեկան բռնության հասցրած տնտեսական կորուստը կազմում է 400 հազարից մինչև 1.1 միլիոն ԱՄՆ դոլար։ Կանանց նկատմամբ տնտեսական բռնության արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, տնտեսությունում չի գոյանում գրեթե 6.5 միլիոն դոլար»,-ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Կանանց նկատմամբ կիրառվող աշխատանքի սահմանափակումը, Հայրապետյանի խոսքով, նախնական հաշվարկներով, տարեկան ՀՆԱ-ի համեմատ 50-60 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բեռ է գոյացնում:

Nvard

Անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը, ով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իրականացրած հետազոտության հեղինակն է, ասում է, որ կանանց աշխատավարձի ճեղքվածքը տարբերվում է ըստ տնտեսության ոլորտների և կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում:

 

Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում աշխատավարձերի տարբերությունը մոտ 16.2 տոկոս է, կրթության ոլորտում` 18.7, առողջապահությունում և սոցիալական ծառայությունների ոլորտում`25, հանրային կառավարման հատվածում՝ 32, իսկ ֆինանսական ու ապահովագրական հատվածում՝ շուրջ 45 տոկոս:

ՀՀ վիճակագրական ծառայության 2010-2014 թթ. տվյալների համաձայն՝ ոչ լրիվ աշխատանքային օրով Հայաստանի աշխատաշուկայում աշխատում են հիմնականում կանայք: Այս միտումը գնալով խորանում է. 2010-2014 թթ. կես դրույքով աշխատանքի մեջ ներառված կանանց թիվը 58 տոկոսից դարձել է 63 տոկոս: Իսկ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող ամուսնացած կանանց թիվը գերազանցում է նույն կարգավիճակն ունեցող տղամարդկանց թվին:

«Նշանակում է, որ կինն ամուսնանում է, ստիպված է լինում անցնել կես դրույքի կամ դուրս գալ աշխատանքից, բայց նույն ամուսնացած տղամարդը ստիպված չի լինում անցնել կես դրույքով աշխատանքի»,-ասում է Խաչատրյանը:

2014-ին, ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, ընտանեկան հանգամանքների պատճառով գործազուրկ են դարձել միայն կանայք (100 տոկոս):

«Սա ցավալի է, որովհետև կանայք Հայաստանում 50 տոկոսից ավելի են, և կանանց ցուցանիշները կրթության ոլորտում ավելի բարձր են: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ստացողների մեջ գերակշռում են կանայք, բայց քանի ուսման աստիճանը բարձրանում է (մագիստրատուրա, ասպիրանտուրա), այնքան կանայք քանակապես զիջում են տղամարդկանց»,-հավելում է Խաչատրյանը:

Մանասյանը նկատում է, որ թեև կանայք Հայաստանում կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ, զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում։ Հայաստանում պետական հատվածում գերակշռում են կանայք, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում, որտեղ կանանց թիվը կազմում է շուրջ 68.6 տոկոս:

Մասնագետները, հենվելով հետազոտությունների տվյալների վրա, կարծում են, որ կանանց և տղամարդկանց միջև խտրականության վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման վրա:

«Այս հետազոտության նպատակը կանանց տնտեսական հզորացումից դեպի իրենց քաղաքական մասնակցության ճանապարհը ցույց տալն է: Փորձը ցույց է տալիս, որ երբ կանայք տնտեսական անկախություն, ակտիվություն են ձեռք բերում, իրենք ուզում են ներգրավվել քաղաքականության մեջ»,-ասում է Խաչատրյանը,-«Իհարկե, տնտեսական հզորացումը միայն մեկն է քաղաքական մասնակցության նախադրյալներից, բայց կան նաև մշակութային, սոցիալական խոչընդոտներ, որոնք ևս պետք է հաղթահարել»:

 

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930