«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը «Հալեպի քաոսից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» վերտառությամբ ռեպորտաժ է պատրաստել 4 տարի առաջ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված Հովիկ և Իզաբել Ասմարյանների ընտանիքի մասին:
«Մենք, երբ որ եկանք, գիտեինք՝ վաղ թե ուշ լինելու է կռիվ: Հիմա էլ գիտենք, որ էլի կարող է լինել կռիվ: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ ես էլ, Վրեժն էլ (եղբայրը-խմբ.) գնացինք, գրանցվեցինք որպես կամավոր»,- ասում է Հովիկ Ասմարյանը:
Հովիկն իր ընտանիքի միակ անդամը չէ, ով պատերազմի պատճառով տեղահանվել է, ասվում է ռեպորտաժում: Նրա պապը ստիպված է եղել Սիրիա տեղափոխվել Թուրքիայից՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ասմարյանների ընտանիքը Սիրիայից փախել է 2012թ. սեպտեմբերին մեքենայով՝ Հալեպում թողնելով ավտոպահեստամասերի վաճառքի ծաղկուն բիզնեսը:
Կարդացեք նաև
«Թուրքական սահմանը հասանք, թուրքական դրոշը տեսանք, ուրախացանք,- պատմում է Հովիկ Ասմարյանը:- Դա անսպասելի բան էր. չէինք կարող երևակայել, որ մի օր վաղեմի թշնամուդ դրոշը կտեսնես և կզգաս, որ դու հանգիստ տեղ ես կամ ապահով տեղ ես»:
Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր այդ երկրից Հայաստան է տեղափոխվել շուրջ 18 հազար մարդ, որոնք կամ մնացել են Հայաստանում, կամ տեղափոխվել այլ երկիր, ասվում է ռեպորտաժում: Հովիկը եղբոր՝ Վրեժի հետ ապաստան է գտել Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:
Իրենց հետ Սիրիայից Ասմարյանները բերել են շուրջ 40 հազար տնկի՝ ձիթապտուղ, կակտուս, մրգատու ծառեր (որոնցից շատերը կարող են նորություն լինել Լեռնային Ղարաբաղում) և ջերմոց հիմնել:
«Դատարկ հող էր, ոչ մի բան չկար. էլեկտրականությունը մենք ենք բերել, ճանապարհը բուլդոզերով մենք բացեցինք ջերմոցը շինեցինք, դա մեր ձեռքի գործն է»,- պատմում է Հովիկ Ասմարյանը:
Հովիկը մասնագիտացած է մեղվապահության մեջ, իսկ Վրեժը մեխանիզատոր է: Նրանք հպարտ մարդիկ են, նրանք այլևս ներգաղթյալներ չեն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, եզրափակում է ռեպորտաժի հեղինակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ