Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ընդդեմ իր մետաստազների. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 06,2016 12:02

Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին ու անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանային զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, որպես կանոն, հասարակական լայն արձագանք են ստանում, ընդ որում կարծիք հայտնողների առնվազն 90 տոկոսը նախապես նայում է շուրջը՝ համոզվելու համար, որ մոտակայքում կանայք եւ երեխաներ չկան, բայց մենք կփորձենք ավելի լրջորեն անդրադառնալ հարցազրույցում արտահայտված մտքերին։

Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանն արձանագրում է, որ այսօր մենք ականատես ենք լինում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման. Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, ռազմական հավասարակշռությունը խախտված է, Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատներից (օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը շրջանցում է Հայաստանը) եւ այլն։ Քոչարյանն ամեն ինչ ճիշտ է ասում։ Միայն թե՝ «համագործակցության տարածաշրջանային ֆորմատներից դուրս մնալը» կարծես թե վաղուց է սկսվել։ Ի դեպ՝ պատահաբար չեք հիշում, թե Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման համաձայնագիրը ստորագրելուց հետո ով հեռուստաեթերից արհամարհանքով քմծիծաղ տվեց, թե «եթե համաձայնագիրը ստորագրվում է, դա դեռ չի նշանակում, թե երկաթուղին կկառուցվի»։ Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց նույն Ռոբերտ Քոչարյանն էր։ Ու հննց նա էր օրումեջ հայտարարում, թե Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կզարգանա շրջափակման պայմաններում։ Ինչ վերաբերում է ռազմական հավասարակշռության խախտմանը, ապա Ադրբեջանը կարծես թե 3-4 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն է գնել, իսկ Հայաստանն անգամ 200 միլիոն դոլար չունի։ Ի դեպ՝ չե՞ք հիշում, թե միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ում մասին էին գրել, թե 3-4 միլիարդ դոլարի անձնական հարստություն է կուտակել։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի։ Բայց կարող եք չկասկածել՝ այդ գումարի մի մասով նա ժամանակակից սպառազինություն է ձեռք բերել։ Բա հո Տանզանիայի առյուծների վրա «բերդանկայով» չէ՞ր կրակում։

Անցնենք առաջ։ Ինչպես ինքն է հարցազրույցում ասում, «հիմա՝ բանակցային գործընթացի վերաբերյալ»։ Բանից պարզվում է՝ Հայաստանը միայն մի անգամ էր «հայ-հայ ա» կարգավորման փաստաթուղթ ստորագրում (Քի Ուեսթում), այն էլ՝ Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց։ Եվ Ռոբերտ Քոչարյանն իսկույն էլ խոստովանում է, որ այդ փաստաթղթով նախատեսվում էր ազատագրված տարածքների վերադարձ։ Պո՞ւյ։ Իսկ մեզ թվում էր, թե գործ ունենք անզիջում վոյինի հետ, որի համար թեկուզ մի թիզ հող զիջելը դավաճանության է:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930