Օրերս «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Պատճառների եւ կուսակցության հետագա քայլերի մասին «Ժողովուրդը» զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին՝ նշելով, որ Դուք ենթարկվել եք բռնաճնշումների։ Կարելի՞ է ենթադրել, որ այդ բռնաճնշումները Ձեզ պառակտել են։
– Պառակտվելու խնդիր չկա, ուղղակի կազմակերպչական առումով այլեւս չենք հասցնի որեւէ ձեւով մասնակցել, քանի որ ես էի, այսպես ասեմ, գլխավոր բանակցողը անձերի եւ ուժերի հետ։ Ըստ էության, այդ պրոցեսն էլ է կանգնել, որ ինչ-որ ձեւով միասնական պայքար մղենք, ինչի կողմնակիցն ենք եղել միշտ, խոսքը դրան է վերաբերում։ Գումարած դրան, ըստ էության, մեր նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարել։
– Եթե Դուք համարում եք, որ այս մթնոլորտում հնարավոր չէ մասնակցել ընտրություններին, ապա ինչպե՞ս պետք է մասնակցեք 2017 թվականի ԱԺ ընտրություններին, չէ՞ որ ժամանակահատվածը կարճ է։
Կարդացեք նաև
– 2017 թվականի հետ կապված որեւէ քննարկում չենք արել, բայց կարելի է հստակ ասել, որ մինչեւ այդ իսկապես շատ բաներ են փոխվելու։ Ակնհայտ է, որ ինչ-որ դինամիկ փոփոխությունների շրջափուլ ենք մտել, նաեւ ինձ համար միանշանակ է, որ եթե դաշինքով մասնակցենք, ապա դա այնպիսի դաշինք պետք է լինի, որը իր մեջ կրում է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, Հայաստանի ազգային պետական շահի պաշտպանության քայլեր, եւ ակնհայտ է, որ Հայաստանը ինքնիշխանության, ազատության, ինքնուրույն որոշումներ կայացնելու դիրքից այնքան է հեռացել, որ պետք է շատ ջանքեր թափի, որպեսզի վերադառնա սուբյեկտայնության աստիճանի, որովհետեւ այս պահին, ցավոք սրտի, օբյեկտ է դարձել Ռուսաստանի ձեռքին։
– Այսինքն՝ հնարավոր է, որ ԱԺ ընտրություններին մասնակցեք դաշինքո՞վ։
– Չենք քննարկել, բայց հնարավոր է՝ գուցե առանձին մասնակցենք, գուցե ընդհանրապես չմասնակցենք, որովհետեւ կարող է քաղաքական դաշտի ճնշումներն ավելի խստանան, ավելի շատ անօրինականություններ լինեն։ Այս մասին դեռ վաղ է խոսել։
– Իսկ ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններին դաշինքով չմասնակցեցիք։
– Գլխավոր բանակցողը ես էի, եւ ինձ ազատազրկեցին։ Կուսակցության ամբողջ ուշադրությունն իր անդամների ազատագրման ուղղությամբ է եղել եւ ոչ թե ՏԻՄ-ի:
– Արդյո՞ք իշխանափոխություն սկսելու համար պետք չէ սկսել հենց ՏԻՄ ընտրություններից։
– ՏԻՄ ընտրություններն ինչ կապ ունեն, եթե ամբողջ բյուջեն գտնվում է մարզպետի ձեռքին, եթե ոստիկանությունը, պետական տարբեր օղակները այդ ճնշումները բանեցնում են։ Ասենք թե մի քանի գյուղապետ եղան, դա ինչ է տալու:
Զրուցեց Վահագն ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում