Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վե՛րջ տվեք այս «եվրասիական» կատակերգությանը, քանի այն մեծ ողբերգություն չի դարձել

Սեպտեմբեր 06,2016 22:00

Սա հենց այն դեպքն է, երբ մենք ընտրեցինք խայտառակությունը, հետն էլ ստացանք պատերազմ, առայժմ` քառօրյա…
Իսկ քաղաքական պատասխանատվության հարցը մնում է բաց

Երեք տարի է անցել այն «օրհնյալ սհաթից», երբ Հայաստանն իբր ցանկություն հայտնեց մի կողմ դնել Եվրամիության հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը եւ միանալ Ռուսաստանի նախաձեռնած եւ, այսպես կոչված, Եվրասիական տնտեսական միությանը:
Քաղաքական ուժերը զբաղված են ընտրությունների նախապատրաստմամբ, մինչդեռ պետք էր ամփոփել անցած «փառավոր» եռամյակը եւ գտնել այն ելակետը, որտեղից սկսվում է քաղաքական գործընթացը: Եթե, իհարկե, սկսվում է, եւ եթե այն իրոք քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե քաղաքական թեմաներով գավառական կրկես:

Ինտերնետը պահպանել է 2013-ի սեպտեմբերի 3-ից օրեր անց հաջորդած հայտարարությունները, թե ինչպես էր այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարում, որ սա պայմանավորված է Հայաստանի «անվտանգության նկատառումներով», իսկ տնտեսագետ-պրոպագանդիստներն իրար հերթ չտալով՝ սկսեցին միաբերան «հիմնավորել», թե ի՜նչ բարիքներ են մեզ սպասվում այդ «միացյալ 170-միլիոնանոց շուկայում»: Նրանց միաբերան ձայնակցեցին իշխանության եւ ընդդիմության գործիչները, թե հեսա՝ տեսեք, թե ինչպես ենք ընդլայնում-խորացնում-մեծացնում մեր տնտեսական կապերը ԵՏՄ-ում «անխուսափելի» անդամակցության արդյունքում, եւ ինչպե՜ս է ամրապնդվելու այդ «անվտանգության նկատառումների» բերումով մեր անվտանգությունը…

Ամիսներ անց հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը չնայած հրապարակայնորեն ռուսական մամուլով դեմ խոսեց ԵՏՄ անդամակցությանը, սակայն ներկայումս գլխավորում է այդ ԵՏՄ գործադիր մարմինը: Դրանից հետո մենք ընդդիմադիր «քառյակի» արդյունքում ստացանք ամենաօլիգարխիկ կառավարությունն Անկախության 25 տարիների ընթացքում:

Ի չիք դարձան բոլոր հեքիաթները Եվրամիության եւ այդ ռուսական «միության» միջեւ «կամուրջ դառնալու» մասին, քանի որ, ինչպես բնորոշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ Ռուսաստանը քանդում է Հայաստանի նույնիսկ եղած կամուրջները: «Անվտանգության նկատառումներն» էլ հանգեցրեցին ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի: Իսկ Հայաստանի տնտեսական աճի մասին Պուտինի ցինիկ ստախոսությունը, որը հերքվեց ՀՀ վիճակագրական ծառայության պետի կողմից, նույնիսկ այլեւս քննարկել չարժե:

Այս քաղաքականությունն այլեւս սնանկ է, եւ սա փաստ է: Սա հենց այն դեպքն է, երբ մենք կանգնած էինք երկընտրանքի առջեւ, ինչպես Անգլիան 1938թ. խայտառակություն կամ պատերազմ, եւ մենք ընտրեցինք խայտառակությունը՝ հետն էլ ստանալով պատերազմ, առայժմ՝ քառօրյա…

Ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունն այս ամենի համար: Ո՞ր քաղաքական ուժերն են քաղաքական պատասխանատվության կանչելու այս որոշումների հեղինակներին եւ այդ որոշումները մշտապես «դակող» խորհրդարանական «սեւ հարյուրյակին», որը խորհրդարան էր եկել տրամագծորեն հակառակ՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու նախընտրական խոստումներով: Եվ կա՞ արդյոք Հայաստանի քաղաքական օրակարգում այդ քաղաքական պատասխանատվության հարցը: Ի՞նչ է մտածում սրա վերաբերյալ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածը: Սա՛ է այսօրվա հարցերի հարցը: Երկրում իրական փոփոխությունները սկսվելու են՝ ելնելով հենց այս հարցադրումից, կամ էլ մոռացե՛ք, չի՛ կարող լինել որեւէ իրական փոփոխություն, քանի այս հարցը քաղաքական գործընթացի կենտրոնում չէ, քանզի հենց այստեղ է ապագա պետության մոդելի հարցը որոշվում:

Բնականաբար, քաղաքական դաշտ բազմաթիվ կեղծ օրակարգեր են արտանետվում եւ արտանետվելու, որպեսզի պահպանվի այս «եվրասիական տաբուի» անձեռնմխելիությունը: Էլ «800 հեկտար», էլ «ոչ մի թիզ», էլ «ապագաղութացման» կոչեր զինված քաղաքական մարգինալների կողմից, էլ «Սերժիկ, հեռացիր»՝ առանց ասելու, թե ո՞վ է, ըստ իրենց, «մոտենալու» դրանից հետո կամ «մոտենալու» է, որ ի՞նչ անի, էլ «ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արեւմուտք, այլ անկախություն եւ ինքնիշխանություն»՝ առանց ասելու, թե ումի՞ց անկախություն եւ այդ ի՞նչ պատահեց ինքնիշխանության հետ…. այո՛, այս ամենը կա, այս ամենի աղմուկ-աղաղակով հեղեղված է քաղաքական դաշտը եւ մերձքաղաքական ուղեծիրը, կարծես այս ամենը տեղի չի ունեցել: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե դրա հետեւից գնացողները դա անում են գիտակցաբա՞ր, թե՞ առանց մինչեւ վերջ մտածելու:

Մի՞թե պարզ չէ, թե ո՞ւր է տանում այս ամենը: «Եվրասիական բարիքներից» խոսելն այլեւս անցել է քաղաքական երգիծանքի եւ կատակերգության ժանր: Սակայն երբ չի աշխատում որեւէ գործոն, որը եթե չբեկի, ապա գոնե կարգելակի այս ազատ անկման միտումները, ոչինչ չի խանգարի, որ այդ կատակերգությունը մի մեծ ողբերգություն դառնա: Այստեղ է, որ պետք է երեւա քաղաքական պատասխանատվությունը: Քաղաքական պատասխանատվությունը գալիս է նախ՝ այս ամենի գիտակցումից, այլ ոչ թե պարտակումից կամ խաբեությունից-ինքնախաբեությունից, կամ էլ կեղծ օրակարգեր տարփողելով՝ ընտրություններին մի բան փախցնելու հույսեր փայփայելուց, եւ ինչպես կասեր քաղաքական պաշտոն զբաղեցնող հայտնի գործիչը՝ իրոք որ այսպիսի «քաղաքականության» համար «խելք պետք չէ»:

Այսօր Ռուսաստանն այլեւս մեր դաշնակիցը չէ, ոչ էլ մենք ենք նրա դաշնակիցը: Մենք դարձել ենք այսպիսի քաղաքականության արդյունքում նրա պատանդը, իսկ նա՝ մեր թիվ մեկ սպառնալիքը: Եվ այս ամենն այլեւս մակերեսին է:

… 1938-ի Մյունխենյան խայտառակությունը Անգլիային բերեց նաեւ պատերազմ, եւ վարչապետ Նեւիլ Չեմբերլենը կրեց այդպիսի քաղաքականության ողջ պատասխանատվությունը: Նա զիջեց պաշտոնն իր քաղաքական կուրսի սկզբունքային հակառակորդ Ուինսթոն Չերչիլին երկու տարի անց՝ թողնելով Անգլիային մեծ չարիքի դեմ միայնակ, բայցեւ իր քայլով հույսը վերադարձնելով անգլիացիներին…

Իսկ Հայաստանում քաղաքական պատասխանատվության հարցը մնում է բաց:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930