Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Ազատությանը» տված հարցազրույցը բաղկացած էր երեք բաժիններից` Ղարաբաղի հարց, տնտեսական վիճակ եւ «Սասնա ծռեր»: Երեք հարցերում էլ Քոչարյանը տվեց հիմնականում ճիշտ գնահատականներ, որոնք, սակայն, որոշակի լրացման կարիք ունեն: Նախ` Հայաստանում ավանդույթ կա, որ նախկին պաշտոնյան, առաջին հերթին` նախագահը, իրավիճակի գնահատականը տալով, անպայման համեմատություններ է անում` «այ, իմ ժամանակ…»:
Այդ համեմատությունները վկայում են մի շատ պարզ իրողության մասին` տվյալ պաշտոնյան դեռեւս հավակնություններ ունի վերադառնալու իշխանության: Ինքնին հասկանալի է` եթե ես ասում եմ, որ հիմա վատ է, իսկ իմ ժամանակ լավ էր, դա նշանակում է, որ եթե ես նորից սկսեմ ղեկավարել, նորից լավ կլինի: Այն, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի ասում` «այ, իմ ժամանակ…», վկայում է, կարծում եմ, այն մասին, որ նա անձամբ այլեւս քաղաքական հավակնություններ չունի:
Այս առումով «փոքրիկ լրացումներ» երկրորդ նախագահի ասածներին: Այո, տնտեսական իրավիճակի առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը պարծենալու բան չունի: Բայց եկեք հասկանանք, թե որն է այդ վիճակի խորքային պատճառը: Տնտեսագետներն ասում են, որ հիմնական պատճառը տնտեսության օլիգարխիկ կառուցվածքն է, մրցակցության բացակայությունը, ի վերջո` իսկական ազատ շուկայական հարաբերությունների չկայացած լինելը: Լավ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում վիճակը կարող է փոքր-ինչ ավելի լավը լինել, բայց այս «դրվածքը», մեծ հաշվով, ոչ մի զարգացում չի կարող ապահովել: Ե՞րբ են այդ «ոչ շուկայական» հարաբերությունները վերջնականապես «բյուրեղացել»: Կարծում եմ՝ 1998 թվականից հետո:
Այո, «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության մեծ մասի վերաբերմունքը լուրջ նախազգուշացում է այսօրվա իշխանություններին: Կասեի նաեւ` ոստիկանական գնդի վրա զինված հարձակման քաջալերումը վկայում է մեր հասարակության որոշակի «շեղվածության», հիվանդության մասին: Բայց եկեք հիշենք, թե երբվանից է մեր հասարակության մեջ սերմանվել այն միտքը, որ խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանությունը հնարավոր չէ փոխել, երբվանից են մարդիկ եկել այն եզրակացության, որ որեւէ բանի հնարավոր է հասնել միայն ուժով եւ զոռբայությամբ: Նման մտքերն ու եզրակացություններն, իմ կարծիքով, սկզբունքորեն սխալ են, բայց դրանց սնող «պրակտիկան» սկիզբ է առել 1995 թվականին:
Կարդացեք նաև
Վերջապես՝ երկրորդ նախագահը ճիշտ է նշում, որ ինքը եւ Հեյդար Ալիեւը Քի Ուեսթում մոտ էին Ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Այդ լուծումը, ինչպես դարձյալ միանգամայն իրավացիորեն հիշեցնում է Քոչարյանը, ենթադրում էր Հայաստանի եւ Արցախի միավորումը Լաչինի միջանցքով եւ մնացած, նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների հանձնումը Ադրբեջանին: Պարզապես պետք է հիշել «քիուեսթյան» տարբերակի եւս մի դետալ` Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն Ադրբեջանին միջանցք էր տրամադրում Մեղրիի շրջանում: Թող մասնագետները գնահատեն, թե դա ինչ հետեւանքների կարող էր բերել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
(ընդառաջելով հրաւէրին…)
Արցախի Հիմնախնդրի լուծման այդ «քիուեսթյան» տարբերակի առաջադրած Մեղրիի միջանցքը՝ պանթուրանիզմի գաղափարաբանութեան գործադրութիւնն էր
թուրք ցեղերի գրեթէ հազարամեակէ մը ի վեր երազած, ամենահիմնական ծրագրի իրականացումը… որու նպատակով, ի միջի այլոց, տեղի ունեցաւ Մեծ Եղեռնը…
(պանթիւրքիզմ բառը 19րդ դարու վերջաւորութեան գոյացաւ, որպէս դաւանանք, սակայն գործնական գետնի վրայ, անոր իրականութիւնը ծայր տուած էր Սելջուկների արշավանքերից սկսեալ)
Ադրբեջանը Թուրքիոյ միացնող այդ տարածքին դիմաց, անշուշտ թէ անոնք մեծ հաճոյքով կը «հրաժարին» Արցախէն… ժամանակաւոր եւ հարաբերական նահանջ մը միայն, երբ որ ամբողջ մնացորդած, եղած-չեղած Հայաստանն է որ վերջապէս կուլ են տալու, շնորհիւ այդպիսի համաձայնագրի
Յ.Գ. Ես ընդհանրապէս վատ կարծիք կամ զգացումներ չեմ ունեցել Քոչարյանի նկատմամբ: Սակայն իր այժմու վարքագիծը անվայել է, եւ վտանգի կ’ենթարկէ իր անցեալի վաստակը:
Մինչ ճիշդ հակառակն է կացութիւնը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի պարագային:
Երբ որ Քոչարյանը զբաղվում է քաղաքական պուպուլիզմով, դա նորմալ է, բնական, քանի որ ինքը տակտիկ է, և ոչ ստարտեգ:
Ստեփանակերտ-Երեւան (տրանզիտ)-Մոսկվա
Կան Արեւելքի դրածոներ՝ ի դեմս նախկին ու ներկա պետական պաշտոնյաների, կան Արեւմուտքի դրածոներ՝ օրինակ սրանք
https://youtu.be/38HpRvd6Gbo
եթե նույնիսկ տասը տոկոսն է ճիշտ, մնում է անարատ հայերը ստեղծեն ուժ, որը պետք է գերակշռի դրսի ուժերին, հակառակ դեպքում մեզ դրսի ուժերը կօգտագօրծեն իրենց շահերի համար մեր շահերը մատաղ անելով իրենց շահերին: Ով իր պետությունը չի պաշտպանում, ստիպված կլինի ուրիշի պետությունը պաշտպանել: