Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս-Ջուջեւան հատվածում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որի մեջ տեղադրել էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն աղբը նետում էին ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ՝ նշված աղբամանների մեջ:
Դրամաշնորհային նույն ծրագրով հատկացված աղբատար մեքենայով այդ աղբամանների աղբը պարբերաբար տեղափոխվում է աղբավայր: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել էին:
Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, բաժնի ոստիկանները գողերին հայտնաբերելու համար երկար ժամանակ դարանակալել էին: Օգոստոսի լույսի 21-ի գիշերը Ջուջեւան գյուղի հարավային մուտքի մոտ ոստիկանները տեսել են, թե ինչպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պոկել է աղբամանը եւ այն տեղավորել իր ավտոմեքենայում: Այդ ավտոմեքենան կանգնեցվել է Ջուջեւանի հարեւան Բաղանիս գյուղի տարածքում:
Պարզվել է, որ աղբամանի գողը Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ Տ.Մ.-ն է: Ջուջեւանի գյուղապետը, ոստիկանները ամոթանք են տվել գողության մեջ բռնվածին: Նա ասել է, որ գողացած աղբամանը տեղադրելու էր Գավառ քաղաքում գտնվող իր առանձնատան բակում: Ժորա Չիլինգարյանը երկարատեւ եւ համառ աշխատանքի համար շնորհակալ է նոյեմբերյանցի ոստիկաններին: Նա հույս ունի, որ միջպետական ավտոճանապարհից այլեւս աղբամաններ չեն գողանա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ