Տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 5-ին Երևանում բացվել է Երեխաների սնուցում համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Aravot.am-ը զրուցեց Գվինեա Բիսաուի (գտնվում է Արևմտյան Աֆրիկայում) կրթության նախարար Սանջի ֆաթիի հետ, որը կարեւորեց ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դերակատարությունը՝ իր երկրում երեխաների սովի հաղթահարման առումով: Նախարարն ասաց նաեւ, որ կարեւորում է Հայաստանյան փորձը, դրա համար էլ եկել է այս համաժողովին: Նա նշեց, որ իրենց երկրում սովը ահագնացող չափերի է հասնում, իսկ որեւէ սոված երեխա չի կարող դասի գնալ: «Սովը հաղթարելուց հետո նոր կարելի է կրթության հարցը լուծել եւ բարձրացնել գրագիտության մակարդակը»,-համոզված է աֆրիկացի նախարարը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչ մասնագիտություններ են մոդայիկ Գվինեա Բիսաուում: Նախարարը պատասխանեց, որ իրենց երկրում երեխաները «վազում» են տեխնիկական կրթության հետեւից, միչդեռ կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի երեխաներին ուղղորդի դեպի կենսաբանության, մաթեմատիկա եւ այլ գիտություններ:
Չնայած կարճատեւ այցին՝ Սանջի Ֆաթին տպավորված է Հայաստանով: Գվինեա Բիսաուի կրթության նախարարը հույս ունի համաժողովի օրերին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ