Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Հանրապետական» ու «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունների համախմբմամբ ստեղծված «Բալասանյան» դաշինքի առաջին կետը, բնութագրելով հանրապետության երկրորդ քաղաքում տիրող նախընտրական տրամադրություններն, ասաց․
«Այն, ինչ կատարվում է Գյումրիում, ես բնական եմ համարում, կա մեկ գործող քաղաքապետ, որն անկուսակցական է և կան 10 կուսակցություններ։ Հիմա մարդիկ պետք է ձայն տանեն, վստահությունը, որ կա իմ նկատմամբ, փարատեն։ Պետք է էնպիսի ցեխեր շպրտեն, որ մարդը կարողանա մտափոխվել ու ասել՝ գիտեք ինչ կա, այ էս փրկիչը եկավ, էս հրեշտակը եկել է, էս լույսի մարդը եկել է, ասֆալտապատողն եկել է։ Խոստումներ են տալու շռայլորեն, բայց ես վստահորեն ասում եմ՝ վերջում մնալու ենք ես ու էս ժողովուրդը՝ տնակների մեջ, էս քանդված փողոցներով, էս վիճակում։ Ես ուղղակի կոչ եմ անում, հորդորում եմ բոլորին, խնդրում եմ, որ քարոզարշավը տանեն այնպես, որ լարվածություն չլինի, չշիկացնեն մթնոլորտը և այսօրվա դրությամբ հնարավորինս իրենք իրենց քարոզարշավը տանեն իրենց ծրագրերով, ցույց տան և օգնեն։ Ինչու չէ, եթե մարդ կա, որ գումար ունի, ուզում է լուսավորություն քաշել, թող բերի մեզ տա գումարը, մենք ասենք՝ այ էն Բադեյանը արեց, հերոս է Բադեյանը (խոսքը Գյումրու ԲՀԿ կառույցի ղեկավար մասին է), ձայն տվեք, բայց գոնե չխանգարի մեր ընթացիկ, սովորական աշխատանքները և ինքնագործունեությամբ չզբաղվի։ Եթե շարունակեց զբաղվել, ուրիշ ձևի կվարվենք իր հետ։ Բայց նրանք չեն անելու ոչ մի բան, խաբելու են ժողովրդին, իսկ ես թույլ չեմ տալու, որ խաբեն իմ ժողովրդին, ես ազնիվ եմ աշխատել, եղել եմ շատ աշխատասեր, ես աշխատավարձ էլ չեմ ստացել, ծառայողական մեքենա էլ չեմ ունեցել, որպեսզի լումաները հետ քցեմ, կարողանամ փողոցներ կառուցել»։
Սամվել Բալասանյանը մրցակից 10 կուսակցություններից ոչ մեկին չի առանձնացնում, ըստ նրա, նրանց մեջ չկան թույլ ու ուժեղ մրցակիցներ, նախընտրական պրոցեսն էլ համարում է սովորական քաղաքական մրցակցություն։ Վերջինս հորդորում է անձնական դաշտ չմտնել, չվիրավորել մեկը մյուսին։ «Չեմ ուզում նորից վատ մթնոլորտ ստեղծվի մեր քաղաքում, հազիվ մենք կարողացել ենք ձերբազատվել բախումներից, որոնք միշտ ծագել են։ Չենք թողելու, որ կրիմինալ մտնի, թեև կան մարդիկ, որոնք դուրս են եկել ինչ-որ կրիմինալ տոներով են խոսում։ Ես ուղղակի ասում եմ անձնական դաշտ մի մտեք, սովորական ձեր քաղաքակիրթ պայքարը տարեք, մի վիրավորեք մարդկանց, սա իմ հորդորն է»։
Մեր հիշեցմանը, որ ձեզ մեղադրում են այսպես ասած ֆեյք կուսակցությունների ստեղծման մեջ, որոնք սատարում են ձեզ, օրինակ՝ նշում են, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը դուք եք ստեղծել, «Ալյանսը» ևս սատարում է ձեզ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ես ուզում եմ մեխանիզմը հասկանալ, թե ո՞նց են սատարում։ Ճիշտն ասած, դուրս են եկել, սրանք ավելի շատ են ինձ վրա ցեխ շպրտում, քան մյուսները ու ասենք սատարո՞ւմ են։ Սատարելը այդպես չէ, սատարում է այն մարդը, որն այսօր իմ ցուցակի մեջ է և ինձ համար այսօր պայքար է տալիս։ Ես ուրիշ էդպիսի կուսակցություններ չեմ պատկերացնում․․․ Մտածում եք հետագայում, եթե ինչ-որ տեղ քաղաքական խճանկարը ստացվեց, եթե մեկը, որը ինձ հետ կապված կուսակցություն չէ, կոալիցիա չի կազմելո՞ւ, խնդրելու է, որ կոալիցիա կազմի, ինչի՞ մասին է խոսքը։ Սրանք ուղղակի սովորական բամբասանքներ են, որ արվում են։ Երիտասարդ մարդը իր համար դուրս է եկել, ասում է՝ ես ունեմ այս ուղղությունը, ուզում եմ իմ կյանքում իմ տեղը գտնեմ, ես էլ ասել եմ՝ գնա, Աստված քեզ հետ, գտի, ինչ ասեմ։ Էն մյուսը ընդհանրապես կապ չունի ինձ հետ, որևէ կապ չունի, սովորական մարդկային կապ է եղել Ուրիխանյանի հետ և այսօր եկել է մարդը, երևի թե նախապատրաստում է իր կուսակցությունը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին։ Ինձ հետ ի՞նչ կապ ունի։
Կարդացեք նաև
Լավ, «Քաղաքացիական պայմանագիրը» եկել է, ինձ հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, եկել է, ինքն իր քաղաքական պայքարը տանելու, որպեսզի հետագայում նաև քաղաքական դաշտում 2017 թվականին ինքն իր տեղը կարողանա ունենալ։ Ոնց որ Հրազդանում մասնակցեցին, հիմա էլ Գյումրիում են մասնակցում։ Ճիշտն ասած, ես մի կողմից վիրավորվում եմ, որովհետև սա քաղաքապետի պայքար է, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, թե մարդիկ մտածում են գյումրեցիք փորձադաշտի մեջ եղած մարդիկ են, որոնց վրա կարելի է փորձեր կատարել, ոչ, սխալվում են, կյանքը ցույց կտա։ Ամենաիմաստունը մեր գյումրեցիներն են, և նա միշտ ապացուցել է և հոկտեմբերի 3-ին ես բոլորին կապացուցեմ, սա փորձադաշտ չէ, որ եկել եք, էստեղ գրանցվել եք ու ուզում եք ինչ-որ բան անել, թույլ չեմ տալու։ Էլի եմ խնդրում անձնական դաշտ հանկարծ չմտնեն, չխոսեն, մարդկանց չվիրավորեն»։
Սամվել Բալասանյանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, այժմ Գյումրու համատիրությունների մոնիթորինգի բաժնի ղեկավար Շիրակ Շահնազարյանի կնոջը լեվի հաստիքի տակ պահում քաղաքապետարանում, սա արձանագրել էր ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, որն էլ առիթ էր հանդիսացել նախկին ոստիկանապետի ու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, ՏԻՄ ընտրություններում ԳԱԼԱ կուսակցության ցուցակը գլխավորող Վահան Խաչատրյանի միջև լարվածության ստեղծմանը։
Սամվել Բալասանյանն ասաց․ «Սա թող մնա իրավապահների տիրույթում, թող հետաքննություն անեն, վերջնական պարզեն, ասեն։ Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե այստեղ նստած հետևում եմ 300-400 հոգու գալուն, դրա համար կա համապատասխան գործառույթ, հետաքննությունը կպարզի ամեն ինչ»։
Սամվել Բալասանյանին հարցրեցինք նաև իր նախկին ընկերոջ՝ Հովհաննես Մարգարյանի առաջադրման, «Բալասանյան» դաշինքի համամասնական ցուցակի կազմման մասին, որն, ի դեպ, պատճառ է դարձել, որ Հանրապետականներից շատերը նեղանան նրանից ու նաև ընտրակաշառքից։ Այս մասին առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ստախոս, էս Բալասանյանի քույրը առանց ամոթի ընկել է տնե-տուն ու եղբոր համար ձայներ է հավաքում, ցուցակ է կազմել,էնքան անամոթ մարդ է Բալասանյանը, որ քրոջ աղջիկան ավագանու անդամի ցուցակ է խոթել է, էս մարդը դեռ կարծում է, որ ստախոսությամբ կարող է կուտ տալ ժողովրդին? Ու ասում է՝ես անկուսակացկան եմ, տո դու էնքան կուսակցություն ես մտել-ելե, որ չմտնես էլ, մտածի հաշիվ է , թե չէ հանարապետական չես հա, ստախոս