ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր մանրամասն ամփոփեց Հայաստանի մարզիկների մասնակցությունը Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:
«Ռիոյում Հայաստանը նվաճեց մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալ: Կարո՞ղ էինք ավելին անել: Իհարկե՝ կարող էինք: Այն պահին, երբ մի կազմակերպություն կամ անհատ գտնում է, որ հասել է առավելագույնին, կարելի է վերջակետ դնել այդ գործընթացին: Ռիոյում եղան բացթողումներ, կատարվեցին նաեւ այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին: ՀԱՕԿ-ը մոտ ապագայում ըստ առանձին ֆեդերացիաների քննարկումներ է կազմակերպելու, որոնց մասին իրազեկ կպահի լրատվամիջոցներին եւ հանրությանը:
Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրում էին մի քանի հարցեր, որոնք Խաղերի օրերին եւ դրանից հետո դարձել են մարզական հանրության քննարկման լայն թեմա: Օրինակ, ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտում խայտառակ կողմնակալ մրցավարությունը եւ դրա հետ կապված ՀԱՕԿ-ի դիրքորոշումը:
«Բոլորդ տեսաք, որ մրցավարները շատ լկտի, անբարո կերպով օլիմպիական ոսկե մեդալը խլեցին Միհրան Հարությունյանից: ՀԱՕԿ-ը մեր ազգի պատվի ու դրոշի համար պատրաստ է պայքարելու: Մենամարտի բողոքարկման մասին: Ինչն ենք բողոքարկելու: Միհրանին տված պասիվությո՞ւնը: Դա սուբյեկտիվ երեւույթ է: Մրցավար կա, որ ասում է՝ պասիվ էր, մյուսը՝ պասիվ չէր: Հատկապես ըմբշամարտում եւ բռնցքամարտում մրցավարության կանոններում հստակ ոչինչ գրված չէ: Հիմա մենք սերտորեն աշխատում ենք Միջազգային մարզական արբիտրաժային դատարանի հետ: Հատուկ իրավաբաններ ենք վարձել: Նրանք հիմա աշխատում են այդ ուղղությամբ: Երբ իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձեւաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կներկայացնենք: Այնպես որ, մենք դեռ չենք հուսահատվում եւ այդ ուղղությամբ աշխատում ենք», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Կարդացեք նաև
Հաջորդ թեժ հարցը վերաբերում էր ծանրամարտի հավաքականի հիմնական կազմում Առաքել Միրզոյանի ընդգրկվելու շուրջ համացանցում ծայր առած աղմուկին: «Տեղյակ ենք դրանից ու ասեմ, որ այդ աղմուկի մեջ ավելի շատ վնասելու, թեւաթափ անելու միտում ենք տեսնում: Երբ ծանրամարտի ֆեդերացիան Խաղերից առաջ ներկայացնում էր հավաքականի կազմը, գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը յուրաքանչյուր մարզիկի բնութագրականը ներկայացրեց: Ըստ այդմ, Աղասի Աղասյանը վերջին 4-5 տարվա մեջ իր ցուցանիշներում կիլոգրամ չի ավելացրել, իսկ Առաքել Միրզոյանի մոտ հակառակ պրոցեսն է եղել. ամեն մրցմանը նա 6-8 կգ-ով ավելացրել է իր արդյունքները: Դա Ռիոյի մեկնարկից դեռ մեկ ամիս առաջ էր, քանի որ հայտացուցակը ներկայացնելու վերջնաժամկետ գոյություն ունի: Մարզիչները հենց այս դինամիկան են նկատի ունեցել: Գրում են, թե վարկանիշ բերել են այլ ծանրորդներ, սակայն օլիմպիական խաղեր նրանց փոխարեն մեկնել է Առաքել Միրզոյանը: Սիրելիներս, ծանրամարտում վարկանիշ առանձին անձը չի բերում, դա անհատական չէ՝ բերում է թիմը: Եթե Տիգրան Մարտիրոսյանի հետ այդ չարաբաստիկ պատմությունը չլիներ, այս անիմաստ խոսակցությունն էլ չէր լինի: Փաշիկ Ալավերդյանը աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է ու հավաքականի կազմը որոշում է նա՝ մարզչական խարհրդի հետ միասին: Մենք մարզիչների գործերին չենք միջամտում, լինի դա ուսումնամարզական գործընթացի կազմակերպում, մրցումների մասնակցություն, առավել եւս՝ կազմի ընտրություն», – մեկնաբանեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ասուլիսում շոշափվեցին նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնց բոլորին Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց հանգամանալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ