Մի խումբ ադրբեջանցի իրավապաշտպաններ նամակով դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբերն Յագլանդին՝ կոչ անելով իրավական գնահատական տալ Ադրբեջանում սպասվող սահմանադրական փոփոխություններին: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
«Մենք կարծում ենք, որ առաջարկվող փոփոխություններից մի քանիսը հակասում են Եվրոպայի խորհրդի այնպիսի հիմնարար սկզբունքների, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Այդ փոփոխությունների ընդունումն ավելի կխորացնի ժողովրդավարության պակասը երկրում, ինչը կխախտի լիազորությունների հավասարակշռությունը պետական իշխանություն մարմինների միջև եւ կհանգեցնի իշխանության կենտրոնացմանը նախագահի ձեռքում: Այլ կերպ ասած, առաջարկվող փոփոխությունները միայն կնպաստեն ոչ ժողովրդավարական համակարգին, որում լիազորությունների անհավասարակշռությունը զգալիորեն արդեն կենտրոնացած է գործող նախագահի ձեռքում»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման ստորագրեց երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար հանրաքվե անցկացնելու մասին: Ակնկալվում է, որ հանրաքվեն կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 26-ին:
«Մենք թախանձագին խնդրում ենք շտապ ներկայացնել Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը: Այդ կարծիքը կարող է վճռական նշանակություն ունենալ Ադրբեջանի Սահմանադրության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության հարցում»,- ասվում է ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ