Ապրիլյան պատերազմից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք ընկերություններ ԴիջիԹեք էքսպո 2016-ի ցուցահանդեսում, որն այս տարի կայանալու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, կներկայացնեն ռազմական ուղղվածությամբ տեխնոլոգիական լուծումներ, որոնց կիրառումը կբարձրացնի մեր երկրի սահմանների անվտանգությունը: Այսօր այս մասին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից առաջ պարոն Վարդանյանը պարբերաբար մտահոգություն էր հայտնում, որ պաշտպանության նախարարությունը չի ցանկանում համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետ, որ «չկա կամուրջ ՏՏ ոլորտի եւ բանակի միջեւ»:
Aravot.am-ը Կարեն Վարդանյանից հետաքրքրվեց, թե արդեն կա՞ն կնքված հստակ պայմանագրեր եւ մասնավորապես ինչ ռազմական լուծումների մասին է խոսքը: Պարոն Վարդանյանն ասաց, որ պաշտպանության փոխնախարարի փոփոխությամբ պայմանավորված, ՊՆ-ի հետ համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել:
Իսկ թե ինչ տեխնոլոգիաներ են ներդնելու, պարոն Վարդանյանն ասաց, որ չի կարող այդ մասին խոսել, ռազմական գաղտնիք է:
Կարդացեք նաև
Կարեն Վարդանյանը նաեւ ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո զորացրված երիտասարդների համար ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությամբ 6-ամսյա անվճար դասընթացներ են կազմակերպում, որպեսզի այդ երիտասարդները աշխատանք ունենան: Ըստ նրա 22-25 %-ով ոլորտը աճում է եւ մասնագետների պահանջարկ կա:
Մանրամասները` տեսանյութում
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի համոզմամբ, ԴիջիԹեք-ը հնարավորություն է ընձեռում մեր երկրի վարկանիշը բարձրացնել, բացի այդ, ներդրողների հետաքրքրվածությունը բարձրացնելու միջոց է: Ըստ նրա,
2019 թվականին էլ Հայաստանում կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային կոնգրես:
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, եռօրյա ցուցահանդեսին կմասնակցեն տեղական եւ միջազգային շուկայի 170 ընկերություն եւ շուրջ 60 հազար այցելու կլինի: Կներկայացվեն համալիր ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, ծրագրային եւ վեբ լուծումներ, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, խաղային լուծումներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար:
ԴիջիԹեքի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ