Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ 2015 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունն էր: Այս գործի քննությունն արդեն ամիսներ շարունակ տարբեր պատճառներով հետաձգվում էր:
Դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց գործով տուժող ներգրավված կուրսանտների բացակայության պատճառով: Դատարանը դատական նիստի ժամանակ տեղեկացավ, որ վկաները դատարան չեն ներկայացել զորավարժություններին մասնակցելու պատճառով:
Մեղադրող դատախազը միջնորդեց, որ դատարանը միջոցներ ձեռնարկի տուժողների մասնակցությունն ապահովելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի տասնիննին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1- ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ