Գենդեր բառի հետ կապված յուրաքանչյուր բան Հայաստանում փակուղի է մտնում այս բառը պաշտոնապես չխրախուսելու ֆոնին: Ու չնայած մեր երկիրը հաստատել է գենդերային հավասարության մասին մի քանի ծրագրեր, որոնց սոցիալականացման հարցում կարևոր դեր պետք է ստանձնի կրթությունը, սակայն ինչպես այս տերմինը, այնպես էլ դրա հետ կապակցված ծրագրերը գրվում են ու հիմնականում մնում թղթի վրա։
2015 թվականի հունիսի 18-ի կառավարության հերթական նիստում, երբ Արտաքին գործերի փոխնախարարը ներկայացնում էր «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցը, նույնիսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հորդորեց զերծ մնալ հասարակության մեջ վատ ընկալվող այս «գենդեր» տերմինից, ինչն ընդունվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:
Հոդվածի պատրաստման ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը ևս խոստովանեց, որ իրենց վերջերս այդքան էլ չեն խրախուսում օգտագործել «գենդերային» բառը։ Նույն վարչության մասնագետ Մարինե Աղաջանյանն էլ հորդորեց շատ զգուշավոր լինել դրսից եկող և հետևում այլ միտումներ ունեցող եզրույթներից:
Սակայն հետին միտումների մասին խոսակցություններն արգելափակվում են հստակ փաստարկներ չլինելու պատճառով։
Կարդացեք նաև
Թեև այս տերմինը բնավ նորություն չէ հայկական իրականության մեջ, դեռևս 2010-ին Հայաստանի կառավարության կողմից ընդունվեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», սակայն այս «չարաբաստիկ» տերմինի շուրջ ժամանակ առ ժամանակ ծավալվում են լայն քննարկումներ:
Գենդերային հավասարություն կոչվածը պաշտոնական մակարդակում փորձում են անցկացնել կանանց ու տղամարդկանց հավասարություն հասկացության ներքո: Նույնիսկ երկար քննարկում-բանավեճերից հետո Ազգային ժողովում օրենքն ընդունվեց միայն օրենքի վերնագրում գենդեր բառը հանելուց հետո, և օրենքը վերանվանվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին», մինչդեռ գենդերային տերմինն առավել լայն իմաստ ունի:
Առհասարակ, գենդերային խնդիրները Հայաստանում համարվում են «արևմուտքից, դրսից» ներմուծված խնդիրներ, որոնք հրատապ և արդիական չեն հայաստանյան հասարակության համար: Մինչդեռ այս տիրույթում բավական խնդրահարույց հարցեր կան Հայաստանում, ինչպես օրինակ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների կտրուկ աճը, սեռական և ընտանեկան բռնությունների պատկերը, գործազրկության մակարդակի բարձրացումը, և առհասարակ, ընդհանուր ժողովրդագրական վիճակի վատթարացումը:
Ազգագրագետ, կրթության ոլորտի անկախ հետազոտող Ռուզաննա Ծատուրյանն ասում է, որ գենդերային հավասարության, գենդերայնորեն զգայուն կրթական միջավայր ունենալու խնդիրներն այսօր կրթության օրակարգում չեն, իսկ գենդեր բառն էլ պաշտոնական մակարդակում տաբուավորված տերմիններից մեկն է։
Այս տերմինից խուսափելն ըստ ազգագրագետի՝ պրոֆեսիոնալ տեղեկացվածության բացակայության հետևանք է: Ծատուրյանը կարծում է, որ եթե պետությունն անկախության տարիներից հետո՝ շուրջ 25 տարի, միացել է գենդերային հավասարության, կանանց իրավունքների մասին տարբեր կոնվենցիաների և եթե բոլոր պետական միջոցառումներն ու թղթերը միտված լինեին իրապես իրենց նպատակին, հասարակության մեծամասնությունը տեղյակ կլիներ, թե ինչ է գենդերը, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունները, մենք ունենք մի իրավիճակ, երբ պետական քաղաքականությունը պարզապես չի թիրախավորել այս խնդիրներն ու չի ազդել հասարակության տեղեկացվածության բարձրացմանը կամ պատշաճ տեղեկատվածություն տրամադրելուն:
«Կանգնել ենք մի սահմանային կետում, երբ ինչ որ քննարկումներ են եղել ու պարզվել է, որ հասարակությունը տեղեկացված չէ այս տերմիններից։ Այն դաշտերը, որոնք բաց են, շատ հեշտ է դրական կամ բացասական վերաբերմունք ձևավորելը, մենք ունեցանք մի իրողություն, երբ գենդեր տերմինի շուրջ ձևավորվեց խիստ բացասական մոտեցում և խուսափելու համար հետագա շահարկումներից ընտրվեց տաբուացնելու և ոչ թե քննարկումների շնորհիվ հարցը լուծելու ճանապարհը»,-ասում է Ծատուրյանը։
Մինչդեռ Հայաստանն ունի կարիք…
Հայաստանում կանայք մասնագիտական և կրթական հզոր ներուժ ունեն, ինչպես նաև աշխատունակ բնակչության կեսից ավելին կանայք են, սակայն ՀՀ Ազգային ժողովում կանայք կազմում են 10,7%, կանայք երբևէ չեն առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնի համար, չեն զբաղեցրել վարչապետի և Ազգային ժողովի նախագահի պաշտոն: 19 նախարարներից միայն 3-են կին (16%), չունենք կին մարզպետ, կին քաղաքապետ, իսկ հանրապետության 866 գյուղական համայնքների ղեկավարների թվում կանայք կազմում են ընդամենը 2%:
«Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության համաձայն՝ Հայաստանում տղամարդկանց 78 տոկոսը, իսկ կանանց 75 տոկոսը կարծում են, որ կնոջ կարևորագույն առաքելությունը մայրությունն է։ Հատկանշական է, որ տղամարդկանց 47 տոկոսը կարծում է, որ աշխատող կնոջ երեխան չի կարող լավ կրթություն ստանալ:
Գենդերային հարցերի շուրջ նմանատիպ կարծրատիպերն ամեն պահի են հանդիպում մեր երկրում, ինչը, իհարկե, լավ չի անդրադառնում երկրի թե արտաքին վարկանիշի, թե ներքին զարգացման վրա։
ՄԱԿ-ի կատարած զեկույցում նշվում է, որ ներկա իրավիճակը գնահատվում է փորձագետների կողմից որպես ժողովրդավարության դեֆիցիտ և վկայում է հանրապետությունում կառավարման համակարգում մարդկային ներուժի ծայրահեղ անարդյունավետ օգտագործման մասին:
Բացի այդ, երկրում պակաս ուշագրավ չէ նաև ընտանեկան բռնության խնդիրը, սակայն իշխանությունները շարունակաբար շրջանցում են այս հարցը և արդեն մի քանի տարի նույնիսկ չի ընդունվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, մինչդեռ 2010-2015թթ Հայաստանում առնվազն 30 կին է սպանվել ներկա կամ նախկին զուգընկերոջ, ընտանիքի անդամների կողմից: 2,8 մլն բնակիչ ունեցող երկրի համար այս թիվը պետք է որ մտահոգիչ լինի:
Մասնագետները վստահ են, եթե պետությունն ինչպես հարկն է իրականացնի վերոնշյալ երկու փաստաթղթերում առկա իր պարտավորությունները, ապա երկրում շատ բան կփոխվի:
«Կունենանք հանդուրժող հասարակություն, ընտանեկան հարաբերությունների ներդաշնակություն կլինի, կանանց ձայնն էլ միգուցե լսելի կդառնա խաղաղության կոչերում։ Տնտեսական առավել բարենպաստ ցուցանիշների կհասնենք, քանի որ այսօր հանրապետության կեսից ավելին կին է, մինչդեռ կանայք չեն կարողանում ավելի շատ մասնակցել տնտեսության զարգացմանը, ունենալ ներդրումներ, քանի որ կանանց վարձատրությունն առավել ցածր է, կանանց համար նախատեսված աշխատատեղերն առավել քիչ մրցունակ հարություններում են, որովհետև կրթությունն առաջին հերթին ինստիտուցիոնալ հարթությունում չի խրախուսում և չի հզորացնում կանանց և տղամարդկանց մասնագիտական կողմնորոշման հավասար հնարավորությունները»,-ասում է ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։
Ստացվում է, որ Հայաստանում պետական, փաստաթղթային մակարդակով ընդունում են, որ երկրին անհրաժեշտ են այս ծրագրերը, մինչդեռ երբ գործը հասնում է աշխատանքին ու դրա արդյունքներին, անզեն աչքով էլ ակնհայտ է դառնում, որ թուղթն ու գործը չեն համընկնում։
Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանը դեռ 12-րդ դարում է ապրում:
Երևում է հեղինակը այս հոդվածի նույնպես չգիտի, որ “գենդեռ” բառը վերաբերվում է կին, տղամարդ, հոմոսեկսուալ տղամարդ, լեյսբիանկա կին, տրանսսեկսուալ տերմիններին: Ամերիկան (+ամերիկայի հրեա մորմոնները) այս իր “գենդեռային” քաղաքականությունը բրդում է առաջ Հայաստանում, ճնշում գործադրում Հայ Առաքելական Եկեղեցու վրա մեկ նպատակով – օրինականացնել համասեռների ամուսնությունը Հայաստանում – Հայաստանը քանդելու նպատակով: Նույն պատճառով ուղղարկում են եհովանների վկաներին և այլ քայքայիչ տարրերի Հայաստան: Ամեն հայ պետք է պայքարի դրանց դեմ:Լինել չլինելու բարոյական հարց է ամեն հայի համար: