Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Սեպտեմբեր 05,2016 15:40

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո

Եւ ամե՜ն անգամ, ամե՜ն անգամ տղան կարոտով հիշում է, կարոտով հիշում է… երբ պապիկ-տատիկի տուն գնում ու… տատիկ-պապիկով պայմանավորված տան ջերմությունը… եւ սեղանին ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ շարա՜ծ… ու տանը ամե՜ն ինչ կա… ու միշտ՝ Աչա-մամա տատիկն, ասես, գլուխը համարյա վառարանի մեջ կոխած, «փեչի մեջ արվող մի քանի շիշ խորովածի տակ հանգչող պողերի վրա է փչում». «…էդ եկա՞ր մատաղ ինիմ, ճիշտ ժամանակին ես եկել, էս մեռածը խորոված շատ է սիրում, բայց մենակ սեղան նստել չի սիրում՝ ճիշտ ժամանակին ես եկել, մատաղ ինիմ»: Ու՝ «էս մեռածը»՝ տղայի Հայկազ-պապիկը, լավ արկածներով-լավ անուն հանած կնամեծար ու կնամոլ, նիհար-բարձրահասակ-լայնաթիկունք ու սիրունատես, ու թոռների խոսքով՝ «Շառլ Ազնավուրին նման-Շառլ Ազնավուրը քեզ օրինակ», բայց ավելի բարձրահասակ, սակայն եւ նույն խոսելաձեւով ու պահվածքով, եւ արդեն մեծացած թոռները «Շառլ» են կոչում-անվանում նրան-նրանից թաքուն-իրար մեջ, ու տանը մի՜շտ նույն պահվածքով՝ ինքն-իրեն քրթմնջալով, վառարանին շարված, հատակին դրված ղազանների կափարիչները հերթով բարձրացնում, փոքր երեխայի անհամբերությամբ թուքը կուլ տալով-ղազանների մեջ՝ յուղի, փլովի մեջ «լող տվող»՝ հավի, հնդուհավի, նապաստակի, որսի այլ մսերին նայելով, թուքը կուլ տալով-անհամբեր հարցնում է, անհամբերությամբ հարցնում է իր կնոջը՝ «Աննուշկային». «…լոխ էսա՞, Աննուշկա՛, էսա՞ լոխ»; Ու տղայի Աչա-մամա տատիկը գլուխը համարյա վառարան-փեչի միջից հանելով, խորամանկ-կկոցված աչքերով տղային նայելով-տղային ու ամուսնուն դիմելով, բարձրաձայն համ ասում, համ հանգչող պողերին է փչում նորից. «Որ ասում են՝ բատրակի բնավորությո՞ւն. սովը դեռ փորումդ է, հա՞… Էդ ո՞ւր է կորչում էդքան կերածդ… նիհա՜ր-չո՛փ, ասես, վրադ հալ չկա, ասես, սոված ենք պահում օրեր-ամիսներով»: Ու շրջվում ու փոքր երեխու անհամբերությամբ ամուսնուն կնոջ սիրով, բայց՝ չոր-խեթող-իր բնավորությամբ ասում է, ասում է. «… քյուլվիս տո՛ւ, հա, քյուլվի՛ս, էսքանը հերիք չի՞, մեզ էլ ե՞ս ուտելու»: Ու պապը, ասես, չի լսել եւ իր մտքերով իրենն է առաջ տանում.«Աննուշկա, շուտ արա, Աննուշկա, մեզ սոված կոտորեցիր», ու շրջվում ու Արմեն-թոռանն է հրահանգում՝ «Շուտ արա, մատաղ ինիմ, էդ գինու-արաղի «չեթվերները» բեր-նստիր՝ ցնդում-փչանում են էդ պահարաններում… Նստիր՛, նստիր՛, տեսնենք պապ ու թոռ ի՞նչ ենք անում. սպանեց մեզ Աննուշկան սոված»:

Ու տղան հեռակա կարգով ու հետին թվով ճոխ սեղաններին նստած հիշում ամեն անգամ ու վատ է զգում, վատ է զգում ամեն անգամ: Անասելի ցավ է ապրում: Անասելի, անպատմելի ցավ-մորմոք է ապրում: Իր պապը: Իր ուտող-խմող, լա՜վ, առատ-ճոխ սեղանների լավ քեֆչի-իր ուտող-խմող պապը… Ու փախստական դարձած ու նորից վերադարձած պապը, Հայկազ-պապը, արդեն առանց կնոջ, հեռուներում թողած-առանց իր «Աննուշկայի» վերադարձած պապը…

Եւ երեքով՝ տղան, տղայի մայրն ու հայրը՝ պապի գոմից առավոտ լուսո դուրս գալիս ու գնում-տան կառուցելու գործի վրա էին, ու մթնժորին-նոր վերադառնում էին, եւ պապն օրվա մեջ-տարբեր ժամերի երեւում էր, տարբեր ժամերի, բայց «ոչ մի անգամ կեսօրին»՝ «ուստեքին հաց տալու ժամանակ չէր երեւում»՝ մայրն էր նկատել, ու մի օր մայրը հաց սարքել-հաց պատրաստել ու ասել էր, տղային ասել էր՝ տար հորս՝ ամաչում է գա-հացի ժամին մեզ հետ նստի, ամաչում է, հարյուր անգամ ասել եմ՝ պապա՛, կեսօրին դու էլ արի-ուստեքի հետ նստիր-հաց կեր՝ բոլորս զբաղված ենք՝ քեզ չմոռանանք հանկարծ ու սոված թողնենք, քեզ սոված չթողնենք հանկարծ: Ու տղան հացը վերցրեց եւ իրենց կառուցվող տնից պապի տուն տարավ, ու պապը, իր կարծիքով՝ աչքից թաքուն՝ իր ձեռքերով կառուցված-թուրքերի կողմից վառված-քանդված, արդեն փլատակ դարձած տան դեմը կանգնել ու հայացք-ձեռքերը վերեւ հառած, ինքն-իրեն աղոթքի նման, երդում էր տալիս իր «Աննուշկա»-կնոջը, երդում էր մրմնջում. «Կառուցելու ե՜մ… Աննուշկա, նորից սարքելու եմ էս տունը՝ խոստանում եմ, ես քեզ խոստանում եմ. նորից կառուցելու եմ էս տունը: Մեր օջախը: Իմ ու քո, իմ ու քո ու մեր ինը-երեխեքի օջախը՝ նորից կառուցելու եմ՝ խոստանում եմ, Աննուշկա, երդվում եմ քե՛զ»: Եւ պապը շրջվեց ու վատ զգաց թոռան ներկայությունից ու մի տեսակ կոտրված-անհավես տղային ու նրա բերած «հացին» նայեց, ու… թթու էր, եւ եփած-չոր լոբի էր հացի մի քանի կտորով՝ ուրիշ բան չկար, ու պապն ասաց, ասաց՝ մատաղ ինիմ, էն օրը ուզում էի մի գորտ բռնեի, գցեի կրակին-խորովեի-ուտեի՝ մսի նե՜նց կարոտ եմ…

Ու՝ փող չկար, տախտակ չկար, մեխ չկար, պատուհանի շրջանակներ չկար, ավազն ու «կուբիկը» վերջանալու վրա էր՝ «սամոսվալ»-ավտո չէր ճարվում ամբողջ ձորակում, բանվորների ու վարպետների համար հաց ու ջուր չկար… Եւ տղան նեղսրտված էր ու ականջի հետեւը գցեց պապի խոսքերը՝ «…մսի նե՜նց կարոտ եմ…»: Ու տղան փողի պակասությունից ու փողի պակասությամբ պայմանավորված-վազվզոցի մեջ նեղսրտված էր ամեն-ինչի պակասությունից, ու ականջի հետեւը գցեց պապի խոսքերը, ու մտածեց, որ անցավոր է էս ամենը, եւ դեմը ձմեռ է գալիս, ու տունը կառուցելուց-սարքելուց՝ պապին, մորն ու հորը՝ էս թաց գոմից հանելուց-տնավորելուց հետո, մի հինգ-վեց կիլո խոզի միս է առնելու, եւ իրենք չորսով, չորսով՝ պապը, մայրը, հայրն ու տղան՝ նստելու եւ մի լավ շնորհավորելու են արդեն կառուցված-բայց շատ-մե՜ծ դժվարությամբ կառուցվող տունը: Ու ականջի հետեւը գցեց պապի խոսքերը. «…էն օրը ուզում էի մի գորտ բռնեի, գցեի կրակին-խորովեի-ուտեի…», եւ ասաց՝ Հայկազ պապ, մի քիչ էլ դիմացիր՝ հեսա կառուցում-պրծնում եմ, բոլորիդ տեղափոխեմ էս թաց գոմից ու մի լա՜վ-խորովածով քեֆ ենք անելու: Ու «Հայկազ-պապը» խայթվածի նման, վախեցած հետ մղվեց տղայից, ու խիստ զգուշացնելու նման, լարված, ի կատար ածվող, ծանր երդումի նման-շշնջոցով ասաց, ասաց՝ ես խոսք եմ տվել, ես դրա համար եմ Աննուշկայի գերեզմանը թողել-եկել, Աննուշկային խոսք եմ տվել. էս տունը սարքելու-կառուցելու եմ. մատաղ ինիմ, տեսնում եմ՝ դժվար է առաջ գնում, բայց ձերը պրծնելուց հետո՝ անցիր՝ էս էլ սարքիր-կառուցիր՝ ես խոսք եմ տվել. էս տունը ինը աղջիկ է ծնել-մեծացրել-ամեն-մեկին տեղավորել՝ էս տունը օջախ է. ես ու Աննուշ-կան զրոյից ենք ամեն-ինչը սարքել-կառուցել, էս տունը օջախ է՝ քանի՜-քանի՛ մարդ է մտել հաց կերել-դուրս եկել. ինը՜ հարսանիք ենք արել էս տանը, քանի՜ ծնունդ, ինչքա՜ն քեֆեր. Աննուշկայի հիշողությունն է էս տանը, մատաղ ինիմ: Գիտեմ, փող չունես, դժվար է, բայց ես նաեւ լավ-հյուսն եմ, աչքերս էլ՝ լավ-վատ՝ դեռ տեսնում է՝ կօգնե՛ս՝ իրար հետ կկառուցենք, մատաղ ինիմ, էս տունը օջախ է՝ Աննուշկային խոսք եմ տվել…

Եւ տղայի կյանքում-տղայի ճանապարհին միշտ էլ մանրախնդիր-չկամներ ու թանձրամիտներ կանգնել են, բայց տղան ծնողներից եկած իր մեծահոգի բնավորությամբ դրանց ու դրանց խաղերը «չի նկատել» ու մեծահոգաբար չտեսնելու է տվել, եւ իր կարծր բնավորությամբ-թանձրամիտներին ու նրանց խաղերը չտեսնելու տալով՝ հաղթահարել-անցել է իր անցնելիքը, ու չգիտես ինչի՞ համար, բայց բզբզողներ-տոն տվողներ կային, ու գավառական թաքուն-կարծր-չկամության մթնոլորտում էր տունը կառուցվում, կարծր-թաքուն-չկամության մթնոլորտում, եւ տղային ու գործին խանգարող թաքուն չկամությանը տղան իր կարծր բնավորությունը դեմ տված, սակայն բոլորին սրտանց ժպտալով-բարեւելով, բոլորի որպիսությունը հարցուփորձելով էր փորձում թուրքի կողմից քարուքանդ եղած իր պապական տունը կառուցել. մերոնքականի՛ նման է մտել իր հայրենի գյուղ, չէ՞ որ ինքն էլ, իր բնավորությամբ ու էությամբ՝ նրանցից մեկն է՝ նրանց է ձուլված, նրանց է ձուլված, եւ նրանցից մեկն է, ու նրանց հետ է «ամենուր». դիմածին՝ օգնել-ընդառաջել է անշահախնդիր-առանց հետին մտքերի, եւ դիմածին օգնում-ընդառաջում է անշահախնդիր-առանց հետին մտքերի-սրտացավորեն: Եւ տունը թուրքերը հողին էին հավասարեցրել, ու նոր տունը, հողին հավասարեցված-տան կողքին կառուցվող համեստ-նոր տունը շատ դժվարությամբ էր կառուցվում, ու ամեն-ինչի պակասություն կար, ու խանգարողներ շատ կային տեսանելի-անտեսանելի. «…ընդեղից եկել ես…», եւ ամեն-ինչի պակասությունն էր հիմնական դժվարությունը, ու… փող չկար, մեխ չկար, պատուհանների շրջանակներ չկար, ավազն ու քարը հատնելու վրա էր, տախտակ չկար, աշխատող բանվորներին ու վարպետներին կերակրելու հաց ու ջուր չկար: Ու գոհ ու շնորհակալ է՝ Մոտի-Արմենը երկու դուռ տվեց, եւ Սասունը ներքեւի հանդերում երկու վայրի աղունիկ խփեց ու ներքեւի դաշտերից մինչեւ տղայի պապիկի գոմը փետրելով վազում-գալիս էր, ու կեսօրին բերեց-հասցրեց, եւ շնչակտուր-թանչին տալով ասաց, ասաց՝ Արեւ-տոտա, բեր-շամփուրների վրա քաշենք-խորովենք-տանք ուստեքին, ու նաեւ իր սովորությամբ հումոր արեց ու ասաց՝ էդ ո՞ր-մի ուստեքին են որսի խորոված տալիս, որ դժգոհ մնան… Արել են՝ շնորհակալ է, իսկ, ընդ-հանրապես, միայնակ էին մնացել թուրքից անվնաս մնացած պապիկի-տատիկի թաց գոմում, մենակ էին մնացել՝ պապը, հայրը, մայրը, տղան… Մենակ էին մնացել:

/շարունակելի/

 

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930