Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացի փողոցում ծեծի ենթարկված ՀԱՍԿ նախագահի գործով տեղաշարժ չկա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 15:26

«Այն, ինչ կատարվեց նաեւ ինձ հետ, բացահայտ բռնություն էր ոստիկանության կողմից`ցուցարարների եւ հասարակության նկատմամբ: Շատերն, այդ թվում նաեւ ես, ցույցի չէինք մասնակցում, հետաքրքրության համար էինք այդտեղ եկել: Այն, ինչ ինձ հետ կատարվեց, ես համարում եմ ոստիկանության կողմից կանխամտածված բռնություն, քաղաքական հալածանք կամ հետապնդում, չգիտեմ, բայց որ դա կանխամտածված էր եւ ուղղորդված, որեւէ վայրկյան չեմ կասկածում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը: Վերջինիս, հիշեցնեք ոստիկանները ծեծի էին ենթարկել հուլիսի 20-ին, Խորենացի փողոցում:

«Հարձակվել դեպքերի վայրից բավական հեռու գտնվող մարդու, քաղաքական գործչի, կուսակցության նախագահի վրա, որը ոչինչ չի անում, կանգնած է մեն-մենակ`այլ բացատրություն չունի»,- ասում է մեր զրուցակիցը:

Հարցին`ինչո՞ւ է իր նկատմամբ ոստիկանների գործողությունները կանխամտածված համարում, մանավանդ, որ այդ օրերին ինքը ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալել, առավել ևս ցույցերին էլ չի մասնակցել, մեր զրուցակիցն ասաց. «Ես այդ օրն այնտեղ մարդկանց հետ հանդիպեցի, զրուցեցի… այդ մարդկանց երեւի թե հետեւում էին, միգուցե հետեւողներն այլ եզրակացություններ արեցին իմ զրույցներից: Երեւի մտածեցին`չգիտեմ ինչ պայմանավորվածություններ են գնում, ու որոշեցին ինձ շարքից հանել: Բայց սովորական զրույցներ էին: Այնպես, ինչպես ինձ վրա հարձակվեցին`առանց որեւէ բան ասելու, շատ արագ, վայրկյանների ընթացքում այնպիսի վնասվածքներ հասցրեցին, որ կարող էին նույնիսկ սպանել. ճակատիս շատ մեծ բացվածք, քթարմատի, կողոսկրերի կոտրվածք, ամբողջ մարմինս սալջարդ… Դա ուղղակի վայրագություն էր, ու ոստիկանական համազգեստ կրողն իր մտքով նման բան անցկացնելու իրավունք չունի»:

Ընդհանուր առմամբ, Մովսես Շահվերդյանը որակում է «քաղաքական բանդիտիզմ`իշխանությունների կողմից`ոստիկանության միջոցով, թե քաղաքական գործիչների, թե հասարակության նկատմամբ»:

Այդ իրադարձությունները մեր զրուցակցին բերել են այն համոզման, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրական վտանգ են ներկայացնում հայ հասարակության անվտանգության համար. «Հասարակությունը իրավունք ունի եւ պարտավոր է մտածել իր անվտանգություն ապահովելու համար` երկրի այսօրվա իշխանություններից: Թե ինչպե՞ս  դա կդրսեւորվի, կարծում եմ, մոտ ժամանակներս կերեւա»:

Թե ի՞նչ զարգացումներ են եղել Մովսես Շահվերդյանին ծեծի ենթարկելու գործով` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930