1991 սեպտեմբերի 2-ի համեմատ` ԼՂՀ տարածքը կրկնապատկված է: 2007-2015 թթ. ԼՂՀ ՀՆԱ-ն եռապատկվել է: Հաջորդ 25 տարում ԼՂՀ-ն կունենա 300.000 բնակչություն: Այս ցուցանիշներն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը` խոսելով անկախ Արցախի ձեռքբերումներից:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին` նա առաջարկ հնչեցրեց, որ կողմերի միջեւ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի. «Մինչեւ Ադրբեջանը չգա որոշման, որ ուժ չպետք է կիրառվի, որեւէ առաջընթաց գործընթացում չի կարող լինել: Առանց դրա էլ անհնար է, որ կողմերը գան ընդհանուր հայտարարի: Այս հարցում առաջիկայում առաջընթաց չեմ սպասում: Ապրիլյան «ավանտյուրայից» հետո որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ կողմերը գան եզրահանգման, իսկ փոխհամաձայնության բանալին կողմերի միջեւ ուժի սպառնալիքի կիրառման մասին պայմանավորվածությունն է: Դրանից հետո նոր կլինեն որոշակի քայլեր: Կարծում եմ` սկզբում կլինի այդ պայմանավորվածությունը, կամ խաղաղության պայմանագիրը»:
Անդրադառնալով Արցախի` ՀՀ-ի հետ վերամիավորվելու հավանականությանը, Դավթյանն ասաց, որ դա Արցախի ժողովրդի որոշելիքն է. «Արցախի ժողովուրդը հանրաքվելով ընդունել է, որ Արցախն անկախ պետություն է: Թե բանակցությունների արդյունքում ինչ կորոշվի, թողենք իրենց որոշմանը: Ինչ որոշում էլ լինի Արցախի ժողովրդի կողմից` կհարգենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև