Մեծ Բրիտանիայի տարածքում անհետացել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն էին եկել առանց մեծերի ուղեկցության: Այս մասին հաղորդում է The Independent թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները:
Ընդհանուր առմամբ, իշխանությունները տեղեկություն չունեն 360 փախստական երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ: Նրանցից ավելի քան 200-ի հետ կապ չկա արդեն ավելի քան երկու տարի:
Ըստ պարբերականի՝ մտավախություն կա, որ անչափահաս երեխաները կարող էին դառնալ ստրկվաճառների զոհ կամ բռնության ենթարկվել: Երեխաների անհետացման պատճառ կարող էր լինել նաև հոգեբանական հարվածները, սթրեսը, իշխանությունների նկատմամբ անվստահությունը, ինչպես նաև երկրից վտարվելու վախը:
Վերջին 5 տարիներին Մեծ Բրիտանիա առանց ծնողների կամ խնամակալների մուտք է գործել 9287 անչափահաս: Նրանց մեծ մասը տեղավորվել են մանկատներում կամ որդեգրվել ընտանիքների կողմից:
Կարդացեք նաև
Անգլիայում երեխաների իրավունքների պատասխանատու Աննա Լոնգֆիլդը կոչ է արել կառավարությանը անհապաղ զբաղվել անհետացած երեխաներին որոնումներով:
Ըստ Եվրոպոլի տվյալների՝ Եվրոպայում անհետ կորած է համարվում 10 հազար փախստական երեխա: Մասնավորապես 5000 անչափահաս անհետացել է Իտալիայում, 1000-ը՝ Շվեդիայում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ «Ռոյթերսի»: