Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում են՝ բյուջեում փող չկա, բայց միլիոններ է, որ դատավորների մեղքով քամուն ենք տալիս

Սեպտեմբեր 05,2016 15:00

Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՄԻԵԴ-ի վճռով 2014 թվականին 4 հայցի համար վճարվել է 166 հազար եվրո, 2015-ին` 86 հազար, 2016-ին` 83 հազար եվրո: Ընդհանուր առմամբ գումարը կազմել է 355 հազար եվրո, այսինքն` 175 միլիոնից ավելի դրամ:

«Առավոտը» երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, որը նախկինում արդարադատության փոխնախարար է եղել, հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում այս փաստը, երբ մեր երկրում մարդու իրավունքների խախտումները մեր դատարանների կողմից համարժեք գնահատականի չեն արժանանում, ինչի պատճառով էլ եվրոպական դատարաններ են հարցերը տեղափոխվում:

«Անհրաժեշտ է վճիռների կատարման ընդհանուր միջոցների վրա շեշտադրումները կատարել, ընդհանուր միջոցները դրանք կապված են թե՛ օրենքների մեխանիզմների կատարելագործման, թե՛ պրակտիկայի հետ: Դատական իշխանության պրակտիկայի հետ կապված ես ինքս էլ ունեմ իմ իրավասության սահմաններում ծրագրեր, մասնավորապես` դատական նիստերի մոնիտորինգի միջոցով կամ օրենսդրության ուսումնասիրության համադրման միջոցով առաջարկները ներկայացնել, եւ որոշ հարցեր, կարծում եմ, նաեւ տեղ կգտնեն այս լրացուցիչ փաստաթղթում, որ պատրաստվում ենք հրապարակել»,- ասաց պարոն Թաթոյանը:

Լրագրողի հարցին, թե ե՞րբ կտեսնենք այդ ծրագրերը, պարոն Թաթոյանն ասաց` դրանք ընթացքի մեջ են. «Այստեղ պետք է չափազանց հիմնավոր աշխատանք տանել, հիմնովին, եւ մենք պատրաստ ենք մեր իրավասության սահմաններում ցանկացած հարց քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Խոսքը վերաբերում է տարբեր ոլորտներին: Ես կարծում եմ՝ թե՛ քրեական արդարադատության ոլորտում խնդիրներ կան, թե՛ քաղաքացիական գործերով արդարադատության ոլորտում»:

Մեր այն հարցին էլ, թե նման դեպքերում նախատեսված չէ՞ պատասխանատվություն կրելու մեխանիզմ, ո՞վ պետք է պատասխան տա, Մարդու իրավունքների պաշտպանը նկատեց. «Ընդհանրապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում խախտումներ արձանագրելը երկրի հետ կապված, իհարկե, մտահոգիչ է: Յուրաքանչյուր հարց քննության մեխանիզմ ունի, եւ երբ Եվրոպական դատարանի դատական ակտ է կայացվում` կա հանգամանքներով վարույթ հարուցելու հնարավորություն: Քաղաքացին երբ դիմում է, իր դատական ակտի հիման վրա հարուցվում է, եթե կոնկրետ խոսքը գնում է անհատ պաշտոնատար անձանց պատասխանատվության մասին: Եթե խոսքը գնում է ընդհանրապես երկրում համակարգային փոփոխությունների մասին, դրա համար, բնականաբար, գործերի նորոգում կամ որեւէ այլ մեխանիզմներ պետք չեն, այլ դրանք պետք է անհապաղ հիմք ընդունվեն եւ ուսումնասիրություններ կատարվեն, ինչը մենք նույնպես անում ենք: Հիմա մեր ինստիտուտն էլ աշխատանքներ է տանում միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի համատեղ նաեւ շատ արագ ներգրավենք վճիռների կատարման գործընթացին: Կատարում ասելով՝ նկատի ունեմ նաեւ օրենսդրական փոփոխությունները»:

ՄԻՊ-ը ուսումնասիրել է Մոլդովայի, Վրաստանի փորձն էլ, թե ՄԻԵԴ-ն այս երկրների մասով քանի որոշում, ինչ գործերով ու գումարների չափով է վճիռներ կայացրել: Արման Թաթոյանն ասաց, որ Հայաստանը նրանց համեմատությամբ ավելի լավ վիճակում է, այդուհանդերձ՝ Օմբուդսմենը չի կարծում, որ այդ փաստը մեզ համար պետք է մխիթարական լինի. «Սա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք ու ասենք՝ այն մյուս երկրներում ավելի վատ է վիճակը, եւ մենք կարող ենք հանգիստ մեր գործով զբաղվել: Այդ պատճառով բոլորս պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրենք»:
Հարցին՝ վերջին տարիներին Դուք եղել եք արդարադատության փոխնախարար, հիմա ասում եք, որ այս կամ այն կարգի լուծումներ եք տեսնում, արդյոք սա նաեւ Ձեր աշխատանքի գնահատականը չէ՞ր, եւ եթե նման առաջարկությունների անհրաժեշտություն եք տեսնում, այն ժամանակ ինչո՞վ էիք զբաղված, պարոն Թաթոյանը հորդորեց ուսումնասիրել նրա գործունեությունը նախկինում:
«Խոշտանգումների համակարգի ողջ բարեփոխման անմիջական ղեկավարումը ես ինքս եմ իրականացրել: Դատապարտյալներին եւ կալանավորներին իրավաբանական օգնություն ցույց տալու մեխանիզմները, դրանից բացի՝ բարոյական վնասի ներդրման մեխանիզմը, ես ինքս զեկուցել եմ խորհրդարանում այդ օրենսդրական նախաձեռնությունները եւ, իհարկե, այն ժամանակ էլ արդարադատության նախարարությունը կարեւոր աշխատանք կատարեց այդ բարեփոխումների ուղղությամբ: Հիմա ես ինքս այդ մոնիտորինգով պետք է զբաղվեմ, որպեսզի հասկանանք, տեսնենք՝ արդյոք դրանք ճի՞շտ են գործադրվում, կիրառվում, եւ արդյոք փոփոխությունների անհրաժեշտություն լրացուցիչ կա՞: Դրանք այդ երկու տարիների աշխատանքներն են:

Այս վճիռները որ կայացվում են, 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբի կամ կեսերի աշխատանքներ են: Եթե հիմա որեւէ մեկը գանգատ տանի Եվրոպական դատարան, եթե հրատապ հիմքեր չկան, կարող է մի 4-5 տարի հետո նոր միայն վճիռ լինի, նոր այդ ժամանակ գնահատականը կարող է լինել»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930