Սիրիայում 5 բիզնեսներ կորցրած ու բարեկեցիկ կյանքով ապրած Շանթ Խայալեանը 3,5 տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Նա իր տարբեր բիզնեսներից եւ ոչ մեկը չի ցանկացել Հայաստանում շարունակել, այլ ընտրել է իր համար սիրելի զբաղմունք դարձած` բնական օճառների արտադրությունը: Գործարարը իր բիզնեսը Հայաստանում սկսել է փոքր ծավալներով: Հիմնականում պատրաստելով տան պայմաններում՝ արտադրությունը մեծացրել է՝ հասցնելով գրավել հայաստանցի սպառողների ուշադրությունը: Ուսումնասիրելով շուկան՝ Շանթ Խայալեանը ընտրել է հենց բնական օճառների պատրաստման գործը, քանի որ, ըստ նրա, այստեղ այդ ուղղությունը զարգացած չէ:
Նա Սիրիայում եւս օճառ է պատրաստել, բայց ոչ վաճառքի` նվերների համար. «Մի օր տեսա, որ ամեն շաբաթ ես մի 5-10 կիլոգրամ օճառ եմ պատրաստում ու նվիրում ու ոչ այսպես կտրտված, սիրուն դիզայնով: Ընթացքում սկսեցի զարգացնել եւ զբաղվել վաճառքով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց գործարարը, որը օճառ պատրաստել սովորել է իր տատիկից. «Տատիկս էլ է եղել օճառագործ, տանը ինքն էր իր օճառները միշտ պատրաստում»:
Օճառները պատրաստվում են բացառապես մաքուր, բնական հումքով, դեղաբուսային, կաթնային, միրգ-բանջարեղենային՝ ցորենի, արմավենու կաթից, նուռի եւ խաղողի, խնկածաղկի եւ երիցուկի հումքով: Մասնագետը նշում է, որ օճառները օժտված են նաեւ հակաբորբոքային, հակացելյուլիտային, հակակնճիռային հատկությամբ:
Արտադրվում է նաեւ 12 տեսակի շամպուններ՝ մազաթափության եւ այլ խնդիրների դեմ:
«Առաջիկայում կունենանք մեր վեբսայթը, մեր խանութը: Արտահանման համար եւս բազում առաջարկներ ունենք` Վրաստան, Ռուսաստան, Իրաք, սպասում ենք վերջնական պայմանավորվելուն, որպեսզի այդ գործարքը իրականացնենք»,- նշում է սիրիահայ գործարարը:
Կարդացեք նաև
Շանթ Խայալեանի արտադրությունը հայտնի է «Beauty Product» անվանումով: Նրա հետ մեկտեղ «Ծիրանէ» ապրանքանիշով համագործակցում է նաեւ Անահիտ Ստեփանյանը, որը պատրաստում է հետաքրքիր դիզայնով եւ օգտակարությամբ օճառներ` սկսած կավային տեսականուց, վերջացրած այծի կաթից, կոճապղպեղից (իմբիր), քունջութից ու կտավատից:
Անահիտ Ստեփանյանի խոսքերով՝ քանի որ մենք ունեցել ենք Ծիրանէ անունով հայոց թագուհի, եւ նա առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եւ հայկական բույսերի, եւ մարմնի խնամքի նկատմամբ, այդ պատճառով ապրանքանիշը անվանել է «Ծիրանէ»:
«Շուկան այսօր ողողված է անորակ արտադրությամբ: Պարզ է, որ կա եւ սոցիալական խնդիր, եւ այն, որ մարդիկ իրենց խնամքին այդքան նրբորեն չեն մոտենում, բայց յուրաքանչյուր մարդ երբ փորձում է, արդյունքը տեսնում է, ավելի շատ է օգտվում բնական միջոցներից»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Ստեփանյանը` ավելացնելով, որ ավելի լավ է՝ մարդ ունենա մեկ-երկու որակով խնամքի միջոց, քան բազում հոտերով եւ քիմիական բաղադրությամբ արտադրանք:
Անահիտը մեզ պատմեց, որ հաշվի առնելով կանացի տարբեր քմահաճույքներ՝ ստեղծել է 10-ից ավելի բաղադրությամբ օճառներ: «Օրինակ՝ ֆրանսիացիները շատ են հավանում հատկապես այծի կաթից պատրաստված օճառը, իսկ քմահաճ հայուհիներից շատերը նախընտրում են շերտավոր` սուրճ, կակաո, իմբիր եւ դարչին, կամ դեղին եւ սեւ կավերի համադրությամբ օճառները»,- ասաց Անահիտ Ստեփանյանը: Նա նշեց, որ ցիտրուսային մրգերի կեղեւները երկար ժամանակ մաքրում են հատուկ նյութերով, հետո նոր ստանում համապատասխան յուղը եւ ապա օգտագործում օճառի պատրաստման մեջ:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ»
03.09.2016