Հոկտեմբերի 2-ին կայանալիք՝ Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու:
Նախորդ երկու ընտրություններում ԲՀԿ կարգավիճակով եւ քաղաքական թիմով ու կուսակցական հենարանով ընտրությունների գնացող Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այս անգամ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է ինքաառաջադրմամբ եւ անկուսակցականի կարգավիճակով:
Ինքնաառաջադրմամբ է ընտրապայքարին մասնակցում նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը, ով նույնպես որեւէ կուսակցության չի անդամակցում:
Ընտրություններին առաջին անգամ մասնակցող նորաստեղծ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել եւ պաշտպանում է Սրբուհի Գրիգորյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Ինքնաառաջադրմամբ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրապայքարին կմասնակցի նաեւ Սիսիանի համայնքապետարանի գլխավոր մասնագետ, անկուսակցական Կամո Ռազմիկի Մանուչարյանը:
Եթե մյուս 3 թեկնածուներն առաջադրվել են՝ ընտրապայքարին մասնակցելու նպատակադրմամբ, ապա վերջինս, ամենայն հավանականությամբ, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի կողմից կատարված նպատակային առաջադրում է նրա՝ ինքնաբացարկի հեռանկարով, եւ, ինչպես միշտ, իր համար այսպես ասած՝ «սեւ փիառ» ապահովողի մտայնություններով:
Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ն թեկնածություն չի առաջադրել: Առնվազն տարակուսելի է, որ, ինչպես նախորդ՝ 2012 թվականի ընտրապայքարում, նաեւ՝ այս անգամ, թվով՝ ամենամեծ եւ ամենաշատ ռեսուրսներ ունեցող կուսակցությունը Սիսիանի համայնքապետի պաշտոնի համար պայքարում հանդես է գալիս կողքից նայողի դերում այն պարագայում, երբ նախորդ տարիներին առնվազն 2-3 հավանական թեկնածուների անուններ էին շրջանառվում միայն ՀՀԿ-ից:
Սիսիանի համայնքի ավագանու՝ 11 տեղի համար կպայքարեն ավագանու անդամի 22 թեկնածու: Թեկնածուներից 20 ինքնաառառաջադրվել են: Մեկական թեկնածու են առաջադրել ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: