Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզենամ, որ արդարությունը ճիշտ ժամանակին գա»

Սեպտեմբեր 05,2016 13:30

Սա ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի երազանքն է

Հայ թատրոնի պատմության մեջ քանի՞ դերասանուհի կա, որ իր զավակի ծննդաբերությունից 3 ժամ առաջ «թռվռալով» ներկայացում է խաղացել: Քանի՞ հայ դերասանուհի կա, որ կորցնելով երկու հրաշալի որդիներ, կարող է իր մեջ ուժ գտնել ու կրկին բեմ դուրս գալ:

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «մեծ մայրը»՝ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռոզա Մխիթարյանը, արդեն 85 տարեկան է, ճիշտ այնքան, որքան իր թատրոնը:
Ռոզա Մխիթարյանը Մհեր Մկրտչյանի ամենասիրելի համակուրսեցիներից էր եւ այսպես ասած՝ ուսումնական «նեղ օրերի» ընկերը՝ հումորով, հարազատին վայել նվիրվածությամբ: Հետագայում նրանք խաղացին «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ:

Roza_Mxitarya2
Արվեստագետն ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը, Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցը: Ասում են, որ մեծանուն արտիստը մի օր մեկնում է Վանաձոր, այցելում թատրոն եւ ղեկավարությանը հորդորում՝ «Լավ նայեք բեմում համարձակ, կյանքում՝ ամաչկոտ այս շնորհաշատ դերասանուհուն…»:

Roza_Mxitaryan-5
Ծնունդով տավուշցի եւ Տավուշի պատվավոր քաղաքացի Ռոզա Մխիթարյանը ժամանակին մերժեց մայրաքաղաքի երկու պետական թատրոններում աշխատելու հրավերները ու մեկնեց Վանաձոր, որտեղ խաղում է արդեն 60 տարի: Երբ կոլեգաներից մեկը, անգամ գլխավոր դերում, հիվանդանում կամ ձախողում էր դերը, ռեժիսորներն անմիջապես դիմում էին տիկին Մխիթարյանի «օգնությանը»: Մարմնավորելով ավելի քան 150 դեր՝ դերասանուհին չի դադարում լինել թատրոնի «շտապ օգնությունը»:

Roza_Mxitaryan-3
Թեպետ դերասանուհին խաղացել է բազմաժանր դերեր, իր դրամատիկ դերերով բազմիցս «արցունք քամել» հանդիսատեսից, այնուամենայնիվ, թատերագետները նրան համարում են հայ բեմի լավագույն կատակերգակներից մեկը: Ժամանակին Փարիզում տեղի թատերագետները բարձր գնահատելով Անֆիսայի նրա դերակատարումը՝ Չեխովի «Երեք քույր» ներկայացման մեջ, հատուկ շեշտել են դերասանուհու բնական խաղը: Իսկ նրա հումորով լի խաղը կինոհանդիսատեսը սիրով ընդունեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սիրելի» ֆիլմում:

Ռոզա Մխիթարյանը խաղացել է Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի, Արուս Խուդանյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Ալեքսանդր Հովհաննիսյանի եւ հայ բեմի մյուս անվանիների հետ: Հնարավոր չէ թվարկել արվեստագետի բոլոր խաղընկերների անունները եւ ոչ էլ բոլոր դերերը:

Roza_Mxitaryan-4
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է տեսնում հայ թատրոնի ապագան, սիրված դերասանուհին պատասխանեց. «Լավ երիտասարդություն է գալիս: Հայ թատրոնի ապագան նոր որակների մեջ եմ տեսնում: Լավ կլինի ամեն ինչ, բայց թատրոնի առողջ կյանքը կախված է նաեւ երկրի վիճակից: Կցանկանամ, որ մշակույթ սիրող մարդիկ գան քաղաքական ասպարեզ, լավ նայեն ժողովրդին, արվեստի մշակներին… Շնորհաշատ երիտասարդներ ունենք: Նրանց հետ մեծ հույսեր ենք կապում: Կուզենամ, որ արդարությունը ճիշտ ժամանակին գա, ոչ թե ուշացումով իշխի արվեստում…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Լուսանկարներում` Ճանաչված դերասանուհին՝ իր նույնքան ճանաչված խաղընկերների հետ:

 

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գևորգ Աբրահամյան says:

    Մեր պաշտելի դերասանուհի, բարի ու պարզ: Դու Քո տեսակի մեջ եզակի ես…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930