Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների նվաճած մեկ ոսկե եւ երեք արծաթե մեդալները Անկախ Հայաստանի մարզական պատմության ամենավառ էջը գրեցին: Սակայն համայն հայությունը համարում է, որ մենք ունենք երկու ոսկե մեդալ եւ որ երկրորդ ոսկին մրցավարները եզրափակիչ գոտեմարտում կոպտորեն խլել են հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանից:
Հենց այս միջադեպի հետ կապված հանրության մեջ դժգոհություն առաջացավ Ռիոյում Հայաստանի պատվիրակության դիրքորոշումից, թե մեր մարզական պատվիրակությունը կատարվածը լռության մատնեց եւ արդարությունը հաստատելու ուղղությամբ տեղում քայլեր չձեռնարկեց:
«Առավոտը» զրուցել է Ռիոյում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի հետ:
– Պարոն Գաբրիելյան, ի վերջո, սերբ մրցակցի հետ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտում խայտառակ մրցավարության դեմ մենք որեւէ դժգոհություն արտահայտե՞լ ենք:
Կարդացեք նաև
– Նախ, պետք է իմանալ, որ կան օրենքներ եւ այդ օրենքները ամենքս պետք է շատ լավ գիտենանք: Իհարկե, մենք մեր դժգոհությունն այնտեղ բանավոր արտահայտել ենք, ասել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչին: Իսկ պաշտոնական, այսպես ասած, գրավոր դիմում, մինչեւ մեր ֆեդերացիան, մասնագետների հետ միասին չքննարկի, իր որոշումը, կարծիքը չներկայացնի օլիմպիական կոմիտե, մեր ոչ մի որոշում ու բողոք օգուտ չի տա: Այսինքն, շտապողականությունը ոչինչ չի տա: Պետք է գործել սառնասիրտ:
– Իսկ ժամանակը չի՞ անցնում:
– Ձեր ակնարկած ժամանակը ոչինչ չի տա: Մի բան էլ ասեմ. մենք ոսկե մեդալը չենք կարող Հայաստան բերել: Ես դա ասում եմ որպես մասնագետ: Համենայն դեպս, ես նման բան չեմ հիշում օլիմպիական խաղերում: Առավելագույնը, որին հնարավոր է հասնել, դա մրցավարների որակազրկումն է, եթե միջազգային ֆեդերացիայում գտնեն, որ նրանք սխալվել են: Տեսնենք, թե մեր ըմբշամարտի ֆեդերացիան ինչ կանի: Եթե իր դիրքորոշումն արտահայտի եւ ներկայացնի օլիմպիական կոմիտե, ՀԱՕԿ-ը, կարծում եմ, հետագա քայլերի համար համապատասխան որոշում կկայացնի: Թեեւ, ավելի ճիշտ կլինի՝ այս հարցերն ուղղեք ըմբշամարտի ֆեդերացիային: Այնտեղ ավելի ամբողջական ու հիմնավոր պատասխան կարող են տալ ձեզ:
– Իսկ որպես պատվիրակության ղեկավար ՄՕԿ-ի նախագահին դժգոհությունը չե՞ք փոխանցել:
-Ես որպես շեֆ միսիա իմ իրավասությունների շրջանակներում կատարել եմ իմ պարտականությունները, նպաստել հաջողությունների ձեռք բերմանը: Իսկ ընդհանրապես, ես չեմ կարող ՄՕԿ-ի ղեկավարությանն արտահայտել իմ դժգոհությունը: Էթիկայի կանոնները թույլ չեն տալիս շեֆ միսիային ու տեղակալներին առանց գործադիր կոմիտեի, առանց նախագահի որոշման նման բան անել:
Օգտվելով առիթից՝ մի բան եմ ուզում ասել: Մենք այս տարիներին, ինչ ես մեր օլիմպիական պատվիրակության շեֆ միսիան եմ, իսկ սա արդեն չորրորդ օլիմպիական խաղերն է, փորձել ենք առավելագույնը ստեղծել մեր պատվիրակության համար: Դրա վկայությունն այն 13 մեդալներն են, որոնք Հայաստանը ձեռք է բերել այս ընթացքում: Պեկինի օլիմպիական խաղերից հետո Խաղերի կազմկոմիտեն մեր Ազգային օլիմպիական կոմիտեին նամակ էր ուղղել, թե դուք՝ հայերդ, ձեր աշխատանքով ապացուցեցիք, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը: Այն, ինչ արեցիք դուք, գերազանց է: Ու դա գրել էր Չինաստանի պես հզոր երկիրը: Եվ քանի որ մենք փորձում ենք ճանաչում բերել մեր պետությանը, կուզեի, որ մեր հասարակությունը, այդ թվում, լրատվական դաշտը, մեզ հետ միասին ուրախանալ իմանան, այլ ոչ թե միայն թերություններ փնտրեն-գտնեն, տեղի տան բամբասանքներին: Կուզեի, որ հատկապես մարզական լրագրողները, որոնք էլ իրենց աշխատանքով են մեզ ճանաչում բերում, քիչ տեղ տան բամբասանքներին: Սա չի նշանակում, թե քննադատություն չենք ընդունում: Մենք առողջ, կառուցողական քննադատություններ ու դիտողություններ ենք ակնկալում, որոնք օգուտ են տալիս ընդհանուր գործին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Դերենիկ Գաբրիելյանին խնդրեցինք լույս սփռել նաեւ Ռիոյում հայ մարզասերի համար մութ մնացած մի հարցի վրա էլ՝ կապված թեթեւ աթլետ Գոռ Ներկարարյանի՝ մեկնարկի չելնելու հետ: Պատվիրակության ղեկավարը խորհուրդ տվեց հարցն ուղղել մեր թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին:
«Առավոտ»
03.09.2016