Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի ունեցավ ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ եւ համապատասխանում է FIFA-ի չափանիշներին:
Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ UWC Dilijan քոլեջի տնօրեն Դենիզ Դեւիդսոնը, ով իր երախտագիտությունը հայտնեց ՀՖՖ-ին եւ նրա նախագահին կրթական գործընթացում կատարած ներդրման համար:
«Դոնորների եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու եւ Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Դենիզ Դեւիդսոնը:
«Ուրախ եմ տեսնել մեր սաների երջանիկ դեմքերը: Այն, ինչ տեսնում ենք այստեղ, երազանք է, որը հիանալի մարդկանց՝ մեր գործընկերների, ընկերների եւ համախոհների շնորհիվ է իրականություն դարձել: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին իր ներդրման համար. մեր քոլեջի սաների եւ քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- բացման արարողության ընթացքում ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Դաշտի հարեւանությամբ հուշատախտակ բացվեց, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին:
Բացման արարողությանը հետեւեց ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի եւ Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջեւ: Ռուբեն Հայրապետյանը դաշտում ողջունեց եւ հաղթանակ մաղթեց թիմերին:
Մամլո հաղորդագրություն