Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Թամրազյանների սգակիր ընտանիքին՝ Ս․ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ։
Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում ասվում է․ «Ցավով տեղեկացանք բազմավաստակ մտավորական, Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Տիար Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան մասին:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և պաշտոնեության՝ բերում ենք Մեր ցավակցությունն ու սրտակցությունը հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և Մատենադարանի տնօրինությանն ու աշխատակիցներին:
Գրական և ստեղծագործական բեղմնավոր կյանք ապրեց հոգելույս Հրաչյա Թամրազյանը՝ աստվածապարգև իր շնորհներով հարստացնելով հայ գրականության ու մշակույթի գանձարանը: Նրա հեղինակած մեկ տասնյակից ավելի բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանությունները, հայագիտական ուսումնասիրությունները, հատկապես նարեկացիագիտությանը նվիրված մենագրությունները, և գրականագիտական բազմաթիվ հոդվածները խոսուն վկայություններն են անվանի մտավորականի և շնորհալի հայորդու արդյունավոր վաստակի: Լուսահոգի գիտնականը երկար տարիներ աշխատեց ու ստեղծագործեց Մատենադարանի նվիրական հարկի ներքո և շուրջ մեկ տասնամյակ ամենայն նախանձախնդրությամբ ու սիրով ղեկավարեց հայ մտքի հոգևոր կաճառի գործունեությունը:
Կարդացեք նաև
Վաստակաշատ մշակութային գործչի վախճանը կորուստ է հայագիտության համար: Հրաչյա Թամրազյանը պիտի շարունակի ապրել սերունդների հիշողության մեջ՝ նշանակալի իր ավանդով ու գնահատելի ներդրումներով:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Ամենողորմ Տերը արարչական սիրով գթա հանգուցյալ Իր ծառային և երկնային երանական օթևաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի բարեհիշատակ Հրաչյա Թամրազյանի հոգին․․․
«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան իւրոյ. Ամէն»։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի