Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2016 12:22

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մի քանի օր շարունակ ձեռնպահ էր մնում կարծիք հայտնել`իր մուտքը ՌԴ արգելելու միջադեպի առիթով` սպասելով ռուսական արձագանքին, հասկանալու համար արդյոք դա զուգադիպություն կամ թյուրիմացություն էր: Քանի որ ՌԴ-ի կողմից որեւէ արձագանք չկա`այսօր «Հայացք» մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում,  քաղաքագետը հայտարարեց, որ իր հետ կատարվածը քաղաքական դրդապատճառ ուներ: «ՀՀ ԱԳՆ-ն նույն օրը շատ արագ արձագանքեց: Իմ կինը զանգել է ԱԳՆ`հայտնելով, որ չգիտե իմ տեղը եւ շատ արագ կապի են դուրս եկել տարբեր ինստիտուտների հետ ու պատասխանել են, որ նա գտնվում է, այսպես ասած «ստերիլ գոտում»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ ինքը վերջին 15 տարիներին ՌԴ մուտք չի գործել քաղաքական գործունեության նպատակներով: Այդ օրն էլ նա մեկնել էր Մոսկվա`անձնական պատճառներով, հոր գերեզմանին այցելելու:

Հիշեցնենք, Ստեփան Գրիգորյանին  թույլ չէին տվել մուտք գործել ՌԴ օգոստոսի 30-ին : Նրան ներկայացրել էին մի փաստաթուղթ, ինչի հիման վրա կարող է մարդկանց մուտքը ՌԴ արգելվել: Այդ փաստաթղթում նշված մեկ կետ է Ստեփան Գրիգորյանը գտել`26 հոդվածի, 9 կետը, որի համաձայն իր մուտքն այդ երկիր արգելվում է: Այդ կետն ամրագրվել է անցած տարվա մայիսի 23-ին  եւ իր կարծիքով ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, քանզի արգելափակվում է այն մարդկանց մուտքը ՌԴ, որոնք աշխատում են ՌԴ-ում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ: Իր կազմակերպության հետ համագործակցող ո՞ր կազմակերպությունն է ՌԴ-ի համար անցանկալի, քաղաքագետը դժվարանում է ասել: Բայց նկատում է, որ վերջին շրջանում ինքն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել տարբեր եվրոպական կազմակերպությունների հետ: Ի դեպ, նրա մուտքը ՌԴ արգելափակված է մինչեւ 2030 թվականը:

Այսօրվա ասուլիսում քաղաքագետը մանրամասն ներկայացրեց իր կենսագրությունը, որպեսզի հետագայում շահարկումներ չլինեն, չփորձեն իրեն վարկաբեկել իր գործունեության եւ այս միջադեպի մասով:

Հայկական մամուլում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ստեփան Գրիգորյանի արտաքսման վերաբերյալ որեւէ տեղեկության չեն տիրապետում: Քաղաքագետը համամիտ չէ եւ հայտարարում է, որ իրեն սահմանապահները շատ հստակ ասել են, որ «դեպորտ են անում»: Քաղաքագետը համամիտ չէ նաեւ ռուս գործիչների այն տեսակետների հետ, որ պետության համար նորմալ է, եթե անգամ իր քաղաքացուն քաղաքական պատճառներով թույլ չեն տվել մուտք գործել որեւէ երկիր: «Դա նորմալ չէ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ շարունակելու է իր գործունեությունը, այդ թվում նաեւ՝ քննադատելու է ՌԴ-ի քաղաքականությունը, եթե ԼՂՀ հարցի հաշվին փորձի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ կարգավորել:

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքագետը շնորհակալ է, որ իր հարցով ՀՀ ԱԳՆ-ն փոխարտգործնախարարի մակարդակով արձագանքեց: Եվ եթե ՌԴ-ից պատասխան չլինի կամ համարժեք պատասխան չլինի, ՀՀ իշխանություններին հորդորում է`գործել փոխադարձության սկզբունքով` մեկ ռուս գործչի «անցանկալի անձ» հայտարարել եւ արգելել նրա մուտքը Հայաստան, մանավանդ, ՌԴ-ում այսօր շատ են Հայաստանի դեմ խոսող կամ հակահայկական կեցվածքով գործիչները:

Նա վստահ է, որ իր դեպքը եզակի չէ, եւ ՌԴ-ում կան ցուցակներ: ՀՀ իշխանություններին հորդորում է դիվանագիտական խողովակներով ճշտել նման ցուցակների առկայությունը:

Իսկ ինչո՞ւ իբրեւ թիրախ հենց ինքն ընտրվեց`հարցին ի պատասխան Ստեփան Գրիգորյանը երկու ենթադրություն ունի: Առաջինը` այդ պահին ինքը փորձեց մուտք գործել, եւ երկրորդը` ՌԴ-ն ցանկանում է, որ Հայաստանում ՌԴ-ի նկատմամբ ավելի համասեռ կարծիք լինի, մինչդեռ իր ղեկավարած կազմակերպությունը վերջին շրջանում շատ ակտիվ տարածել է իր տեսակետները`տասը հազար  էլեկտրոնային հասցեներով, ԼՂՀ հարցի շուրջ վերջին զարգացումների մասին իրականությունը ներկայացնելով, որը ՌԴ-ի օգտին չէր:

Իր հետ կատարվածից հետո քաղաքագետին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նա խորհրդակցում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լեւոն Բարսեղյանի եւ Արթուր Սաքունցի հետ: Ստեփան Գրիգորյանը պատրաստվում է պաշտպանել իր իրավունքները, այդ թվում չի բացառում ՄԻԵԴ դիմելու տարբերակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930