ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտագնա ցուցահանդեսների շրջանակում սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» հերթական ցուցահանդեսը:
ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են հայկական հին մետաղադրամները (Տիգրան Մեծի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մանրադրամներ) և թղթադրամները, ժամանակակից ՀՀ բոլոր թողարկումները, ֆինանսական և բանկային համակարգի զարգացման պատմությունը, ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ նյութեր:
Ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ նաև Արցախի պատմագրական մեծ արժեք ներկայացնող Ղարաբաղի տարածքում հատված մետաղադրամներին, ԼՂՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներին և մետաղադրամներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված ՀՀ հուշադրամներին:
Կարդացեք նաև
Պատմական իրողություններին զուգահեռ, ամբողջ միջոցառման ընթացքում ԿԲ աշխատակիցների կողմից անցկացվում են ֆինանսական կրթման բնույթի դասընթացներ, որոնց շրջանակում մասնակիցների տրամադրվում են կրթական նյութեր, բուկլետներ՝ ֆինանսական համակարգի կողմից մատուցվող զանազան ծառայությունների վերաբերյալ: Ցուցահանդեսի այցելուները տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով տեղեկանում են, թե ինչպես ավելի լավ կառավարել ֆինանսական միջոցները, խուսափել ֆինանսական դժվարություններից և պաշտպանել սեփական շահերը:
Ցուցահանդեսը նախատեսված է լայն հասարակայնության խմբի համար՝ միջին և ավագ դասարանի աշակերտներ, ԲՈւՀ-երի ուսանողներ, քաղաքացիներ, դրամագետներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչ սեպտեմբերի 13-ը: ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև ԼՂՀ աշակերտների և բնակիչների համար:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ