Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը տարածքներ հանձնելու մասին է,  բայց դրա շուրջ համաձայնություն չկա». Կիրո Մանոյան

Սեպտեմբեր 05,2016 12:15

Միջնորդ երկրների կողմից ճիգերը շատ են, որ Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսվեն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ջանքերն ուղղված են զինադադարի ռեժիմն ամրապնդելուն: Չեմ կարծում, որ սեպտեմբերյան սպասվելիք հանդիպումը Նյու-Յորքում դրանից այն կողմ կանցնի»,-հավելեց Կիրո Մանոյանը: Նա փաստեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին նվազել են խախտումները, ինչը միջնորդների ճնշման արդյունքն է. «Առաջարկում են անորոշ ապագայի ինչ-որ կարգավիճակ` տարածքներ վերադարձնելու դիմաց: Ակնկալել, որ հայկական կողմը միակողմանի զիջումների կգնա` անորոշ ապագայի խոստումների դիմաց, սխալ է»:

Քաղաքական գործչի կարծիքով` մինչեւ տարեվերջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական մոտեցումը. «Պետք չէ բացառել նաեւ, որ որպես դժգոհության արտահայտություն` Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները կարող են շատանալ»:

Մանոյանի դիտարկմամբ` բանակցությունների հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է, որը չի ուզում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. «Ապատեղեկատվություն են խոսակցությունները, որ հայկական կողմը համաձայնվել է տարածքներ հանձնել: Հիմնական փաստաթուղթը դրա մասին է, բայց դրա շուրջ համաձայնություն չկա»:

Կիրո Մանոյանի խոսքով. «Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը 2007թ. բանակցությունների հիմք են ընդունել մադրիդյան փաստաթուղթը, հիմա ասում են, որ իրավիճակ է փոխվել: Բայց մեղադրել, որ ներկա իշխանությունն է իրավիճակի պատասխանատուն, ազնիվ չէ: Չեմ կարծում, որ նրանք չեզոք դիրքերից են խոսում, նրանք քաղաքական մոտեցումներ ունեն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930