Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ո՞վ հաց կտա՝ Պուտի՞նը, թե՞ Օբաման

Սեպտեմբեր 05,2016 12:00

Վերջին տարիներին մեր թեժ աշունները տեղափոխվել են հուլիս ու օգոստոս՝ առավել թեժացնելով առանց այդ էլ շոգ ու կրակ ամառը: Նախորդ տարիների մեր ամառներն առավել թեժացրին տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված շարժումները, իսկ այս ամառ էլ թեժացման գործը հանձն առան սեֆիլյանականներն ու «Սասնա ծռերի» տղաները:

Այս վերջին թեժացումն ինչքան անսպասելի ու հանկարծակի սկսվել էր, նույնքան անսպասելի ու հանկարծակի էլ ավարտվեց: Հընթացս ու այժմ էլ «Սասնա ծռերի» անդամների գործողություններին գնահատականներ տրվել ու տրվում են, ճիշտ է, բայց այդ գնահատականներն իրար այնքան են հակադիր եւ այնքան են իրարից տարբեր, որ դրանք լուրջ վերլուծություններ համարելը շռայլություն կլինի: Շատերը գունդը գրաված տղերքին համարել ու համարում են կենդանի ու իրական հերոսներ, շատերն էլ լրջություն ու իմաստ չեն տեսնում նրանց գործողությունների մեջ: Ասածս վերաբերում է ոչ թե երդվյալ ընդդիմադիրների ու երդվյալ իշխանամետների կարծիքներին, այլ միանգամայն անկախ քաղաքացիների տեսակետներին. մարդիկ, ովքեր իշխանափոխություն տենչալով ու իրականությունից դժգոհ լինելով հանդերձ՝ գունդը գրաված «ծռերի» գործողություններում լրջություն ու հեռանկար չտեսան եւ շարունակում են չտեսնել:

Ըստ ամենայնի, «ծռերն» իրենց ապստամբությունն ու իրենց գործողություններն սկսել էին՝ հուսալով, որ ժողովուրդը կմիանա իրենց: Դժվար է ասել՝ ժողովուրդը միացա՞վ, թե՞ ոչ: Ոմանք կարծում են, որ միացավ: Ոմանք էլ այն կարծիքին են, որ քիչ ժողովուրդ հավաքվեց: Այսպես կարծողները հերթական անգամ ողջ մեղքը փորձում են բարդել ժողովրդի վրա՝ առանց մտածելու ու հասկանալու, որ այդքան անղեկ ու անղեկավար գործողությունների պայմաններում այդքան ժողովուրդ ակնկալելն անգամ դժվար էր:

Այսուհանդերձ, կար «կրիտիկական մասսա», որն իրենից կախված ամեն ինչ անում էր եւ պատրաստ էր ավելին անել: Բայց ուղղորդող չկար, եւ նպատակն էլ պարզ չէր: Ճիշտ է, մի պահ կոորդինացնող խումբ ստեղծվեց, բայց կոորդինացնող խումբն էլ իր անելիքները լավ չէր պատկերացնում, որովհետեւ ապստամբողներն իրենց նպատակները հստակ չէին արտահայտում. մերթ խոսում էին Ղարաբաղի հարցից, մերթ օլիգարխների թալանից, մերթ էլ պահանջում էին նախագահի հրաժարականը, ինչը հերքվեց Բալասանյանի կողմից: Ժամանակ առ ժամանակ էլ ապստամբների կողմից սուր քննադատության էին արժանանում այն ընդդիմադիրների գործողությունները, ովքեր այս կամ այն կերպ փորձում էին կազմակերպել եւ ուղղորդել պայքարը: Կոպիտ ասած՝ ամեն ինչ արվում էր, որպեսզի ժողովուրդ չհավաքվի: Այդուհանդերձ, չնայած շոգին ու կրակին՝ ժողովուրդը կար, ներկա էր. ավելի ներկա էր, քան շարժումն ուղղորդողները:

Ժողովրդին ոտքի կանգնեցնողը ոչ թե այս կամ այն ընդդիմադիրներն են, այլ իր իսկ սոցիալական խնդիրները, որոնց մասին գրեթե չի խոսվում, բայց որոնք ամենաէականն են: Ի վերջո, նախորդ ամառները ծավալված տրանսպորտի եւ գազի սակագների հետ կապված շարժումների հիմքերն էլ էին սոցիալական: Հենց այստեղ է, որ մեր հասարակության հիմնական մասի եւ մեր հիմնական ընդդիմադիրների շահերը չեն համապատասխանում: Ժողովրդի զգալի մասը սոցիալապես շատ ավելի անապահով է, քան մեր ընդդիմադիրները, որոնց պատգամավոր մասը չափազանց բարձր աշխատավարձ է ստանում: Եվ հիմնականում դա է պատճառը, որ մեր շարքային քաղաքացին սոցիալական խնդիրներն ավելի սուր ու խորն է զգում ու պատկերացնում, քան մեր ընդդիմադիրները:

Պատկերացնում է, բայց չի բարձրաձայնում, որովհետեւ ինքն էլ է ամաչում իր ծայրահեղ աղքատ վիճակից: Մինչդեռ բոլոր հարցերին սոցիալական տեսանկյունից է նայում:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր քաղաքացիների մեջ ավելի ու ավելի են տարածվում հակառուսական տրամադրությունները: Պերմյակովի դեպքն ու Ադրբեջանին վաճառված զենքը մեծ նշանակություն ունեցան, ճիշտ է, բայց հիմնականում խնդիրը վերստին սոցիալական է: Մարդիկ տեսնում են, որ որեւէ Եվրասիական միություն կամ ՀԱՊԿ չի թեթեւացնում իրենց սոցիալական խնդիրները: Ավելին՝ գնալով կյանքն ավելի ու ավելի է դժվարանում: Նույնիսկ տաքսիստները, որ նախկինում մեր ամենառուսամետ խավն էին, հիմա ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից ու մեր քաղաքական օրիենտացիայի փոփոխությունից են խոսում: Ընդ որում, չափազանց ինքնավստահ են խոսում՝ ի տարբերություն մեր քաղաքագետների, որոնց անվստահությունը ոչ թե իրենց, այլ բոլորիս թուլությունն ու մտքի անորոշությունն է արտահայտում:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930