Այսօր Գյումրու Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցք, 17 տան բակում, որտեղ ծնվել ու մեծացել է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանը, բացվեց հուշահամալիր։ Հերոսի հիշատակը հարգելու էին եկել գյումրեցիներից շատերը, ապրիլյան պատերազմին նահատակված բոլոր հերոսների հարազատները, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը,փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Տիգրանի հրամանատարը,ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ փոքրիկ Տիգրանը իր ծնողների հետ, որին ի պատիվ Ջեբրայիլիում թշնամու 8 տանկերի դեմ անողոք կռիվ տված ու առնվազն երեք տանկ ոչնչացրած մեր հերոս 20-ամյա Տիգրան Աբգարյանի, անվանել էին Տիգրան։ Գյումրեցիները և հպարտ էին, և անչափ հուզված․անհնար էր զսպել արցունքները՝ տեսնելով, թե ինչպես է Տիգրանի մայրը գրկել ու պինդ փաթաթվել նորածին Տիգրանին։
Գյումրու թիվ 4-րդ դպրոցի աշակերտներից մեկը բանաստեղծություն արտասանեց՝ նվիրված հերոսին, որի բառերը գրել էր հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Աբգարյանը։ Հեղինակը գյումրեցի հերոս Տիգրանին համեմատում էին Մոնթեի հետ՝ նշելով, որ նա է հայի վառ օրինակը։ Հուշատախտակը բացեց նրա հայրը՝ Արամ Աբգարյանն ու եղբայրը՝ Ժոր Աբգարյանը, իսկ հուշաքարը բացելու պատիվը ընձեռվեց արցախյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների հարազատներին։
Այնուհետ օրհնեցին Տիգրանի հիշատակին տեղադրված խաչքարը, աղոթք բարձրացվեց առ Աստված ու երկինք բաց թողեցին աղավնիներ՝ ի նշան խաղաղության։
Կարդացեք նաև
Ի դեպ, հուշահամալիրը կառուցվել է մի խումբ բարերարների նախաձեռնությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ