Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը տարբերվեց առաջին եւ երրորդ նախագահներից՝ բարձրաձայնելով հողերի հանձնման մասին». Լարիսա Ալավերդյանը

Սեպտեմբեր 04,2016 17:20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում մի շարք տնտեսական եւ ներքաղաքական հարցերից բացի՝ խոսել է նաեւ ղարաբաղյան խնդրի՝ մասնավորապես հողերը հանձնելու հարցի շուրջ, որն այսօր Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Ափսոսում եմ, որ 24 տարի տարբեր առիթներով արտահայտել եմ մի կարծիք, որն այդպես էլ լսելի չդարձավ: Խոսքը այն քաղաքականության մասին է, որը վարվել է առաջին նախագահից սկսած, երկրորդով շարունակած եւ երրորդով հույսով ենք վերջացող հիմնահարցի լուծման ուղին՝ ընտրվել է հիմնահարցի լուծման ամենասխալ ճանապարհը: Այսինքն՝ հստակ պատկերացում չունենալով առ այն, որ կարելի է՝ լինի քաղաքական, իրավական, պատմական կամ եւ այլ հիմունքներով, հստակեցնել, որ Ադրբեջանին ժամանակին  բռնակցվել են իրեն չպատկանող հողերը եւ Արցախը, իսկ լայն առումով Հայաստանը իրավունք ունեն այս հողերի նկատմամբ, որոնք այսօր ազատագրված են եւ կազմում են ընդամենը մի մասն այն հողերի, որոնք անօրինական ձեւով միջազգային իրավունքին հակառակ ժամանակին բռնակցվել են Սովետական Ադրբեջանին»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ երկրորդ նախագահը պարզ է խոսում այն մասին, ինչը ուզում է թաքցնել գործող նախագահի թիմը, մասնավորապես, որ փաստաթղթերի մեջ եղել է այն թեզը, թե ինչ-ինչ պարագաներում Ադրբեջանին չպատկանող հողերը հայկական կողմերից առնվազն մեկը համաձայնել է այդ տարածքների ժամանակակից Ադրբեջանին վերստին բռնակցմանը: «Պարզապես երկրորդ նախագահը տարբերվեց թե առաջին նախագահից, որի թիմը եւս մերժում էր, որ հենց իրենցից  սկսած այս ուղին եղել է քաղաքական կոպիտ սխալ, որից չի հրաժարվել երկրորդ նախագահը, ինչի մասին նա խոսում է, եւ երրորդ նախագահը եւ նրա թիմը  մերժում է այդ պարզ եւ շատ տխուր փաստը: Գործող իշխանությունները ամենեւին չեն ընդունում իրենց կողմից եւ իրենցից վաղ բռնած այդ սխալ ուղղին, չեն համաձայնում կամ չեն խոստովանում, որ այդ ճանապարհը սխալ է, հակառակը՝ ամեն ինչ անում են, որ մեղքը գցեն չգիտես ինչ-ինչ հնարածին ուժերի կամ վարկածների վրա»,- նշեց տիկին Ալավերդյանը:

Նրա խոսքերով` տարբեր ժամանակներում՝ լինի Քի Ուեսթում, թե Կազանում՝ փաստաթղթերի չստորագրման հիմքը Ադրբեջանի կողմից եղել է այն, որ Ադրբեջանը համարում է իրեն բռնակցվելիքը,  ոչ միայն ԼՂՀ –ն՝ իր սահմանադրությամբ ամրագրված տարածքներով, այլեւ ՀՀ-ի մի որոշ մասը, որը շատ լավ երեւում է այն քարտեզի վրա, որ Ադրբեջանը ժամանակին՝ 1919 թվականին ներկայացրել է Ազգերի լիգային, որպես Ադրբեջանի հանրապետության տարածք՝ Բաթումիից մինչեւ Բաքու: «Այդ քարտեզի վրա պարզորոշ է, որ Ադրբեջանը ունի տարածքային նկրտումներ՝ իրեն շրջապատող բոլոր երկրների հանդեպ՝ Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ մինչեւ անգամ Իրանի հանդեպ՝ ծովային հատվածով (անհրաժեշտ է հիշեցնել, որ Ազգերի լիգան մերժել է այդ բոլոր նկրտումները): Այնպես որ մենք պետք է հստակ իմանանք, որ Ադրբեջանի տեսակետից Հայաստանի տարածքը պետք է կազմի Երեւանից մինչեւ Սեւանը կիսով հատված՝ մոտավորապես մի եռանկյունի: Սա է պատճառը, որ Ադրբեջանը շարունակ հրաժարվում է այս կամ այն տարբերակներից, այսինքն՝  պահանջում է ամենը եւ միանգամից»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Ադրբեջանի խնդիրը նախեւառաջ կապված է այն տարածքի հետ, որը Ազգերի լիգայի կողմից ճանաչվել է որպես վիճելի եւ միջազգային իրավունքի տրամաբանությամբ Հայաստանին պատկանող  տարածքներ, քանի որ այն ժամանակ վեճը հստակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Տիկին Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանում իշխանության գալու եւ մնալու պայմանը՝ երեք նախագահների օրոք էլ, Հայաստանում արտաքին ուժերի կողմից նույն է եղել՝  Հայաստանը համաձայնում է այդպիսի նահանջողական եւ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների շահերին հակասող դիրքորոշմանը. «Արցախահայության, համայն հայության հետ միասին ազգային-ազատագրական պայքարը օրինակ է Ադրբեջանական քաղաքական ազգայնական  էլիտայի լծի տակ գտնվող այլ ժողովուրդների, որոնք ապրում են իրենց պատմական տարածքներում եւ համաձայն չեն լուծվել եւ չքանալ որպես այդպիսին եւ բոլորը կոչվեն ադրբեջանցի կամ թուրք»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930