Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են կամ կատվի խաղը` մկան մահը

Սեպտեմբեր 04,2016 14:20

2016թ. ապրիլից սկսվել են ընտրական օրենսգրքի շուրջ լսումները և իշխանության, ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև տարաբնույթ քննարկումները: Իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիների (վերջին երկուսի մոտեցումները հիմնականում համընկնում էին) միջև ընթացող բանակցությունների ողջ ընթացքում, ընտրական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների առնչությամբ առկա էին բազմաթիվ անհամաձայնություններ, որոնք մի շարք քննարկումներից հետո վերախմբագրվեցին և ձևակերպվեցին որպես ընդդիմության կողմից առաջարկվող մոտ հինգ առանցքային կետեր, որոնց շուրջ էլ պետք է շարունակվեին հետագա բանակցությունները:

Մոտենում էր հունիսի 1-ը, այսինքն` այն վերջնաժամկետը, երբ փոփոխված սահմանադրության համաձայն` պետք է ԱԺ-ի կողմից ընդունվեր նոր ընտրական օրենսգիրքը, որտեղ իշխանության ներկայացուցիչները ներառել էին ընդդիմության կողմից արված մոտ 10 ոչ էական առաջարկություններ, որոնց շուրջ եկել էին նախնական համաձայնության, իսկ առանցքային 5 կետերը մնացել էին նախնական խմբագրությամբ, որոնց շուրջ այդպես էլ իշխանության ներկայացուցիչների կողմից չնչին զիջումներ անգամ չեղան, ավելին` նրանք կտրականապես դեմ էին այդ առաջարկություններին: Հենց այդ տարբերակով ԱԺ-ն ընդունեց ընտրական օրենսգիրքը` վերապահումով, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ և իշխանության կողմից ընդդիմությանը կտրվեն հնարավորություններ՝ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակելու համար:

Այլ խոսքով` ընդդիմության համար դեռ բոլոր դռները փակված չեն, և նրանք հնարավորություն ունեն շարունակելու օրենսգրքի որոշ հոդվածների շուրջ բանակցելու և փոփոխություններ առաջարկելու աշխատանքները: Այդ քայլով իշխանություններն ընդամենն ընդդիմությանը հուշում էին, որ իրենք դեռ լիովին չեն փակել հույսի դռները, նրանք բացի ներքին իրավիճակներից, նաև աշխարհին ցույց տալու բան ունեն՝ իրենց ժողովրդավարական կեցվածքի առումով: Այս պարագայում, ընդիմության առջև համաձայնելու կամ չհամաձայնելու խնդիր դրված չէր, քանզի ընդդիմությունն այլ ճանապարհ չուներ: Օրենսգրքի ընդունումից առաջ, բանակցությունները որոշ ժամանակ շարունակվեցին հանրահայտ 4+4+4 ձևաչափով, որի ավարտին քաղհասարակությունը լքեց բանակցությունները, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը եկան որոշակի կոնսենսուսի, կնքեցին հուշագիր և դրա շուրջ հանդես եկան համապատասխան հայտարարությամբ, որը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որակեց որպես ընդիմության պատմական  հաղթանակ, որի վերաբերյալ ես առցանց «Առավոտում»  հանդես եկա հոդվածով, որտեղ այդ հաղթանակը որակեցի որպես ընդդիմության պատմական պարտություն և համապատասխան հիմնավորումներով դրանք հղեցի Լևոն Զուրաբյանին:

Ի դեպ, նշեմ, որ այդ «պատմական հաղթանակի» իմաստը կայանում էր նրանում, որ իշխանական թիմը համաձայնել էր, որպեսզի ընտրություններն անկացվեն միասնական նմուշի պլաստիկ անձնագրերով (դրանք պետք է հատկացվեին այն ընտրողներին, ովքեր չունեն այդ նմուշի անձնագրեր), որոնք կհատկացվեն անվճար ձևով և երկրորդ, եթե կարողանան գտնել համապատասխան դոնորներ, ովքեր պատրաստակամ կլինեն անհրաժեշտ ժամանակահատվածում տրամադրել համապատասխան գումար՝ տեսախցիկների գնման, տեղադրման և շահագործման համար, իրենք կգնան այդ քայլին:

Կարող եմ վստահաբար ասել, որ եթե նույնիսկ այդ ամենը հրաշքով տեղի ունենար, ապա իշխանության համար դրանից ընտրական գործընթացը էապես չէր փոխվի, քանզի օրենսգրքի հիմնական խութերը այլ տեղում են դարանակալած: Եվ երկրորդ, կույրին անգամ տեսանելի էր, որ բազմաթիվ պատճառներով այդ պայմանավորվածությունը կյանքի չէր կոչվի, քանզի, եթե ուրիշ այլ պատճառ չգտնվեր, ապա հետևյալ պատճառաբանությունը միշտ առկա է՝ դրա իրականացումը կախված էր 3-րդ կողմից, որը փաստացի որևէ պարտավորվածություն չուներ և միշտ էլ կարող էր նպատակահարմար չգտնել: Այլ խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունը ընդամենը հիմնված էր եթե-ների վրա, որոնք միշտ կարող էին չկայանալ:

Փաստացի, դրանից անցել է մոտ երեք ամիս, այս օրերին նույն ձևաչափով վերսկսվել են բանակցությունները և իշխանական թիմը անմեղ հայացքով ստեղծված իրավիճակը ներկայացնում է հետևյալ կերպ. այ, տեսաք, մենք որքան էինք ուզում, որ պայմանավորվածությունն ի կատար ածվեր, սակայն այդ անհոգի, բռնապետ՝ ոչ ժողովրդավար դոնորները ոչ միայն չուզեցին՝ ափսոսացին այդ գումարները, այլև ձեռի հետ էլ հարվածեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Իսկ հիմա էլ, իշխանական թիմն ասում է, դե գիտեք, իրավիճակ է փոխվել, պետք է նոր բան մտածենք, հո չենք հանձնվելու, չէ որ ամեն իրավիճակ իր ելքերն ունի: Բերեք նոր բան մտածենք, միայն թե ընդիմությանը չնեղացնենք, այնպես անենք, որ նաև նրա սրտով լինի: Եվ զարմանալիորեն ասում են, լավ կփորձենք ընտրություններից հետո քվեարկած ցուցակները հրապարակել: Մի բան, որին մշտապես և կտրականապես դեմ էր իշխանական թիմը և այդ հարցում զիջման ոչ մի նշույլ՝ մինչև այժմ ցույց չէր տալիս: Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, իշխանական թիմը որոշակի այլ «հիմնավորումներով» սրանից էլ կհրաժարվի և կթևակոխի «զիջումների» նոր փուլ, մինչև այս սխեմայով մոտենա ընտրությունների օրվան, իսկ դրանք սարերի ետևում չեն (ընտրությունները նշանակված են 2017թ. ապրիլի 2-ին): Փաստացի, իշխանությունը հրաշալի մարտավարություն է կիրառում, այն է՝ աշխարհին ցույց տալ, որ ինքը ժողովրդավարության ջատագով է, իսկ ընդդիմությանն էլ չի մերժում և ասում է. «պատրաստ ենք մինչև իսկ ընտրությունների օրը բանակցենք, այսինքն պատրաստ ենք ձեզ գլորել ձորը, քանզի նպատակն արդարացնում է միջոցները»:

Վերջին անգամ հուշում եմ ընդդիմությանը, որ ձեր առջև հանդես է գալիս Բարսելոնայի կարգի հզոր թիմ՝ սուպերպրոֆեսիոնալ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, այնպես որ նման խաղաոճով և այդպիսի ճանապարհով ընթանալով, լավագույն դեպքում դուք կհասնեք չնչին՝ կոսմետիկ  առաջընթացի: Փոխեք մարտավարությունը կամ դադարեցրեք այդ բանակցությունները և ձեզ վրա նման պատասխանատվություն մի վերցրեք, քանզի նման գործելաոճով ընդամենը ջուր եք լցնում և լիարժեք լեգիտիմացնում ընտրված ընտրական օրենսգիրքը…

Եթե ստեղծված վիճակում կա ելք, ապա դա մարտավարության կտրուկ փոփոխությունն է…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930