Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր: Այդ շրջանակներում, մինչ այժմ միջոցառումներ են անցկացվել Գյումրիում եւ Ստեփանավանում: Այսօր ՌԴ մշակույթի օրերը գալա համերգով մեկնարկեցին Երեւանում: Համերգին մասնակցում էի «Օտրադա» մանկական երգչախումբը, Մարինինյան թատրոնի մենակատարներ Եվգենի Օկիմովը (տենոր), Սերգեյ Ռոմանովը (բարիտոն), Եկատերինա Սերգեեւա (մեցո-սոպրանո), Իրանա Մատաեա (սոպրանո) եւ ռուսաստանցի այլ երաժիշտներ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը`Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՌԴ մշակույթի փոխնախարար Սերգեյ Օբրիվալինը կարեւորեցին երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունները: «Կարեւորը, որ մենք մեծ մշակույթ ենք ներկայացնում, որը եւ պատմականորեն եւ մեր օրերում լուրջ դերակատարում ունի համաշխարհային մշակույթի մեջ»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Ռուս պաշտոնյայի գնահատմամբ էլ հայ-ռուսական մշակութային համագործակցությունները «բարձր մակարդակի» վրա են: Այս օրերն ըստ Հասմիկ Պողոսյանի, առանձնանում են նրանով, որ ընդգրկում են տարբեր ոլորտներ: Ի դեպ, ՌԴ-ում ևս Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվում: Տարին մեկնարկել է մեծ ցուցահանդեսով, Կարմիր հրապարակում գտնվող Մոսկվայի պատմության թանգարանում: Հայաստանում ելույթներով հանդես են եկել Վլադիմիր Սպիվակովն իր խմբի հետ եւ այլ հայտնի երաժիշտներ:
Կարդացեք նաև
Սեպտեմբերին կբացվի միջազգային գրքի տոնավաճառ: Կկայանան Միքայել Թարիվերդիեւի, Ստաս Նամինի ստեղծագործական երեկոներ:
Հասմիկ Պողոսյանն իր խոսքում առավել կարեւորեց Գյումրիում եւ Ստեփանավանում կայացած միջոցառումները, քանի որ Երեւանն այսպես թե այնպես հագեցած է մշակութային միջոցառումներով: Նա նկատեց, որ ներկայումս ՌԴ-ի եւ ՀՀ-ի թանգարանների միջեւ շատ սերտ համագործակցություն կա: Նախարարի տեղեկացմամբ, սեպտեմբերին, Սանկտ- Պետերբուրգում բացվելու է «Հայաստանը Մանդելշտամի աչքերով» ցուցահանդեսը:
Վերջերս Մեծ թատրոնին նորից հրավեր է ուղարկվել`Երեւանի օպերային թատրոնում հանդես գալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ