Տավուշի մարզից մեծ արտագաղթի հետեւանքով Տավուշի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը խորհրդային ժամանակաշրջանի համեմատ խիստ նվազել է: 2008-2009 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը 17 553 էր, 2009-2010 ուսումնական տարում՝ 17 400: Աշակերտների քանակի մեծ անկումից հետո վերջին մի քանի տարիներին մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների քանակը թեեւ դանդաղ, սակայն աճում է:
Ըստ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի՝ 2014-2015 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15777, 2015-2016 ուստարում՝ 15868: Նոր՝ 2016-2017 ուստարում Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցներում սովորում է 16181 աշակերտ : 2014-2015 ուստարում մարզում առաջին դասարանցիների թիվը եղել է 1485, 2015-2016 ուստարում՝ 1737, 2016-2017 ուստարում՝ 1792 : Վերջին տարիներին ավելացել է նաեւ դպրոցների դասարանների թիվը: 2014-2015 ուստարում մարզի դպրոցներն ունեցել են 914, 2015-2016 ուստարում՝ 921 դասարան: 2016-2017 ուստարում Տավուշի մարզի դպրոցները կունենան 931 դասարան: Աշակերտների թվի աճին հակառակ մարզի դպրոցներում նվազել է ուսուցիչների թիվը: 2014-2015 ուստարում Տավուշի հանրակրթական դպրոցներն ունեցել են 2255, 2015-2016 ուստարում՝ 1893, նոր ուսումնական տարում՝ 1880 ուսուցիչ:
Տավուշի մարզում աշակերտների թվաքանակի աճն ուրախացնում է, սակայն մտահոգիչ է մի հանգամանք: Սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Խիստ նվազել է սահմանամերձ Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեպարի, Մովսեսի, Չինարի Բերքաբերի եւ սահմանամերձ այլ գյուղերի դպրոցների աշակերտների քանակը: Կյանքի ծանր պայմանների, ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով այդ գյուղերի բնակիչները՝ իրենց դպրոցահասակ երեխաների հետ, հեռանում են սահմանամերձ գյուղերից: Որոշ դեպքերում սահմանամերձ գյուղերից տեղափոխվածները բնակություն են հաստատում Տավուշի մարզի՝ ադրբեջանական գնդակոծություններից համեմատաբար ապահով բնակավայրերում: Օրինակ, անցյալ տարի Կոթիից տեղափոխված աշակերտների մի մասը դպրոց հաճախեց Նոյեմբերյան քաղաքում: Տավուշի մարզի աշակերտների ընդհանուր քանակը դանդաղ աճում է, իսկ սահմանամերձ դպրոցներում սովորողների թիվը՝ արագ նվազում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ