Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ` Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում

Սեպտեմբեր 03,2016 22:04

ԼՂՀ Անկախության հռչակման 25-ամյա տոնախմբությունների շրջանակում սեպտեմբերի 3-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կայացավ բնակարանամուտ: 2013 թվականից Լիբանանում գործող «ԱՐԻ-ARI» («Artsakh Roosts Investment») ներդրումային բաժնետիրական ընկերության ծրագրով այստեղ սկսվեց կառուցվել նոր թաղամաս: Գետի ձախափնյա ափին գտնվող նոր թաղամասի փողոցները, կառուցված ու կիսակառույց, արդեն անվանակոչվել են ի պատիվ Արցախյան գոյամարտի սփյուռքահայ մարտիրոսներ Կարո Քահքեջյանի, Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհակյանի:

Առավոտյան մարդաշատ էր Մհեր Ջուլհակյանի անվան փողոցը. Այստեղ իրենց նոր բնակարանների բանալիներն ստացան Աղավնոյի 16 ընտանիք: Բնակարանամուտին ներկա էին Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների ու կառավարությունների ներկայացուցիչներ, «ԱՐԻ» ծրագրի հիմնադիր խորհրդի և «Արցախ ֆոնդ» ընկերության անդամներ, բարերարներ, հյուրեր, լրագրողներ:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցը հայտարարեց բնակարանամուտի հանդիսավոր բացումը` տեղեկացնելով, որ մեր քառորդդարյա պատմության մեջ նոր թաղամասի կառուցումն Աղավնոյում բացառիկ երևույթ է և նոր էջ գյուղաշինության բնագավառում:

axavno

Շուշիի «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի (ղեկավար՝ Զաքար Քեշիշյան) կողմից հնչեցին հոգևոր ու ժողովրդական երգեր: Այնուհետև ելույթ ունեցավ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Շնորհավորելով ներկաներին Արցախի Անկախության հռչակման 25 ամյակի առթիվ՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ այդ տոնախմբությունների շրջանակում է կայանում այս բարի իրադարձությունը, որը պատմական է:

«Այսօր մեր նահատակների արյամբ սրբացած հողում բնակարանամուտ կնշի 16 ընտանիք, իսկ յոթը բնակարան կստանա փաստաթղթային ձևակերպումներից հետո: Մինչև Նոր տարի՝ կառուցվող 25 տներից 10-ը կհատկացվի ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների, իսկ 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների»,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը:

axavno2

Այնուհետև շարունակեց. «Քաշաթաղցին իրավունք ունի բարեկեցիկ կյանքի, քանզի նա ստեղծագործ ժողովուրդ է, իսկ հարկ եղած դեպքում՝ զինվոր»: Նա ցավով տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 2-ի գիշերը հայրենի սահմանը պաշտպանելիս նահատակվել է Քաշաթաղի շրջանի Սոնասարի գյուղական համայնքի մեջ մտնող Մարգիս գյուղի բազմազավակ ընտանիքի զավակ Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը, ով այս հունվարին էր մեկնել բանակ: Նույն օրը ԼՂՀ Նախագահի հրամանով Ա. Օրդուբեկյանը հետմահու պարգևատրվելէ «Մարտական ծառայություն» մեդալով:

Ս. Խաչատրյանն իր խոսքում կարևորեց Սփյուռքի դերը մեր շրջանի կայացման գործում՝ վկայակոչելով «ԱՐԻ»-ի և «Արցախ ֆոնդ»-ի և այլ կառույցների ներդրումը շրջանում: Սփյուռքի օժանդակությունը դրական ազդեցություն ունեցավ նաև բնակչության թվի ավելացման վրա:

Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի մեր եղբայրներին, ԼՂՀ իշխանություններին շրջանի կայացման գործում ցուցաբերած մեծ օժանդակությունների համար, շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին՝ մաղթելով բարին:

axavno3

«Արի» կազմակերպության ընդհանուր խորհրդի տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանն ուրախություն հայտնեց, որ այս ընթացքում այսքան աշխատանք է կատարվել:

«Մենք կարևորում ենք մեր ներդրումների ավելացումը շրջանում՝ հավատալով, որ այն օգտագործվում է արդյունավետ: Աջակցելով ԼՂՀ իշխանություններին մեր ծրագրերով՝ նպաստում ենք ԼՂՀ Ճանաչմանը և Արցախի հզորացնանը»,-հավելեց Տեր-Ստեփանյանը և շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին, շնորհակալություն հայտնեց շինարարներին:

Աղավնոյի հնաբնակ, ուսուցչուհի Ջուլետտա Մանվելյանը կարևորեց նման իրադարձությունը գյուղի պատմության ընթացքում, հայտնեց շնորհակալություն բարերարներին, Արցախի իշխանություններին և շնորհավորանքի ու շնորհակալության խոսքն ուղղեց համագյուղացիներին, ովքեր շենացրեցին Արցախը Մայր հայրենիքին կապող Աղավնոն:

Թաղամասը Տերունական աղոթքով, Սուրբ Խաչով օրհնեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: «Վարանդա» երգչախմբի ուղեկցությամբ աղոթք հղեց առ Աստված՝ խնդրելով, որ Տերը զորավիգ լինի ազգին Հայոց և նորակերտ թաղամասին:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը հայտարարեց բնակարան ստացող ընտանիքների գլխավորների անունները, և Արցախի Նախագահը, ԱՐԻ ծրագրի ներկայացուցիչները նրանց հանձնեցին նոր բնակարանների բանալիները: Նոր փողոցի կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց ԱՐԻ ծրագրի ներկայացուցիչ Մելքոն Հակոբյանին և Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանին: Ներկաներն անցան նոր փողոցով, ծանոթացան կատարված աշխատանքներին:

Զորիկ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930