Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «ՌԴ-ն քանդում է Հայաստանի բոլոր կամուրջները»

Սեպտեմբեր 03,2016 12:12

«ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով. Հայաստանին մի քանի միլիարդ եվրո պետք է տրամադրվեր: Դրանք պետք է ծախսվեին տրանսպորտային եւ ջրային ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ թվում նաեւ մեզ համար այդքան կարեւոր Հյուսիս-Հարավի: Հայաստանին նաեւ օրենսդրական համապատասխանեցման գումարներ էին տրամադրվելու,  կանխատեսվում էր, որ 2-3 տոկոս ՀՆԱ-ի աճ է լինելու, 15 տոկոս արտահանման աճ: Հայաստանը կարող էր շատ ներդրողների համար իսկապես կամուրջ լինել»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` վերլուծելով, թե ինչ կորցրեց Հայաստանը երեք տարի առաջ`անդամագրվելով ԵԱՏՄ-ին:

Հիշեցնենք` այսօր լրանում է Հայաստանի`ԵԱՏՄ-ին անդամագրվելու երրորդ տարին: Պաշտոնապես  Հայաստանն այդ կառույցի անդամ է ընդամենը մեկ տարի 2015 –ի հունվարի 2-ից:

Տնտեսագետը նաեւ հայտարարեց, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նաեւ քաղաքական առումով էր Հայաստանին երաշխիքներ տալիս` ԼՂՀ հարցում եւ անվտանգության: Aravot.am-ի դիտարկմանը, որ այդ փաստաթուղթը ժամանակին հրապարակվեց, ու ԵՄ ասոցացման կողմնակից տարբեր գործիչներ անգամ հրապարակային հայտարարություններ արեցին, որ ԼՂՀ-ի եւ անվտանգության բաղադրիչների մասին ամրագրումներ չկան դրանում, Աշոտ Եղիազարյանն ասաց, որ ինքը նկատի ունի անուղղակի երաշխիքները. «Կետեր ինչո՞ւ չեն ներառվել`բանակցողները գիտեն, բայց եթե ուղի ես ընտրել, դա նշանակում է, որ վայելում ես ԵՄ-ի աջակցությունն անվտանգության ոլորտում»:

Տնտեսագետը նկատում է` ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո որեւէ կանխատեսում տնտեսական ակտիվությունների առումով չի արձանագրվել. «Դոլարային արտահայտությամբ տնտեսական անկում ենք ունեցել`ավելի քան ինը տոկոս: Անկում ենք արձանագրել արտաքին առեւտրի`արտահանումը`4 տոկոսով եւ այլն: Առանց մաքսատուրքերի շրջանառությունն  էլ չի ապահովել սպասելիքները: Անցյալ տարի 61 միլիոն մաքսատուրքեր ենք հավաքագրել ընդամենը: Ավելացել է պետական պարտքը`ավելի քան 700 միլիոն դոլարով»:

Տնտեսագետը որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրել. «Չի կարող դրական որեւէ բան լինել, քանի որ Հայաստանն այս ընտրությամբ իր սուվերենությունն է կորցրել: Իսկ դա ոչ միայն քաղաքական հասկացություն է, այլ նաեւ տնտեսության վրա է ազդում: Գաղութները չեն ստեղծվում զարգացնելու, այլ շահագործելու համար: Ընդ որում, Հայաստանը տեխնոլոգիապես հետամնաց երկրի գաղութ է: Սա ոչ թե տնտեսական նախագիծ էր, այլ քաղաքական»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:

Վկայակոչելով օրերս Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության նախագահ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու փաստը` բանախոսը նկատեց, որ այս միությունում մարդկանց ազատ տեղաշարժը քաղաքական նկատառումներով է սահմանափակվում. «Ո՞ր ներդրողը նման պարագայում կփորձի մտնել 170 միլիոնանոց շուկա: Այն փաստարկները, որ Հայաստանի ԵԱՏՄ երկրների համար կամուրջ պետք է դառնար, քննադատության չի դիմանում: ՌԴ-ն քանդում է Հայաստանի բոլոր կամուրջները»: Ելքը, ըստ նրա, Հայաստանի սուվերենության վերականգնումն է. «Դա նշանակում է օր առաջ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ինտեգրվել ատլանտյան կառույցներին»: ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չինտեգրվելով`բանաձեւը Աշոտ Եղիազարյանը չի ընդունում: Ըստ նրա, այդպիսով  Հայաստանը միեւնույն է մնում է ՌԴ-ի ազդեցության տակ:

Լրագրողներից մեկի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում Պուտին-Սարգսյան վերջին հանդիման ժամանակ ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, որ Հայաստանի ՀՆԱ-ի տասը տոկոս աճ է գրանցվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո, տնտեսագետը հիշեցրեց, որ  ԵԱՏՄ փաստաթուղթը ստորագրելիս էլ Պուտինը հայտարարություններ էր անում, բայց փաստ է, որ նման աճ Հայաստանը չի ունեցել: Ըստ նրա, եթե որոշակի աճ եղել է, ապա դա ԵԱՏՄ-ի հաշվի չի եղել, այլ արտաքին պարտքի ավելացման, ներքին որոշակի կայունության եւ այլ գործոնների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930