Այս գիշեր 63 տարեկան հասակում մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Նշենք, որ Թամրազյանն ուներ ծանր հիվանդություն, երկար ժամանակ բուժվում էր:
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։