Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատերյալ» գրելու վնասները

Սեպտեմբեր 03,2016 10:33

Վերջերս ուշադիր չեմ հետեւում Ֆեյսբուքի իմ էջում գրվող մեկնաբանություններին` միայն թե սեռական բնույթի հայհոյանքներ եւ տրասլիտ չլինեն՝ զուտ «էկոլոգիական» նկատառումներով: Նախ` մոտավորապես գիտեմ, թե ով ինչպես է այս կամ այն նյութը մեկնաբանելու, երկրորդ` դա նյարդերի եւ ժամանակի հսկայական տնտեսում է: Երրորդ` քանի որ «քլնգողները» հիմնականում իմ գործընկերներն են եւ «մերձակա շրջանակները», իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ մենք իրար վրա «մատերյալ» չպիտի գրենք: Մեկը մի «քլնգոց» գրի, ես փորձեմ դրան պատասխանել, որեւէ այլ գործընկեր կանգնի այս կամ այն կողմում` ո՞վ է դրանից շահելու: Դուք կասեք` «բա բանավեճ չպիտի՞ լինի»: Միանգամայն համաձայն եմ` պիտի լինի, բայց եկեք անկեղծ լինենք` Հայաստանում, առավել եւս` Ֆեյսբուքում որեւէ բանավեճ հնարավոր չէ, որովհետեւ եթե ոչ առաջին, ապա երկրորդ գրառումը կլինի հեղինակի անձի, ոչ թե նրա արտահայտած կարծիքի մասին: Իսկ դրանից տուժում են բոլորը` թե հարձակվողը եւ թե հարձակման թիրախը:

Նույնը խորհուրդ կտամ ընդդիմադիր քաղաքական ուժերին: Այսօր զուտ ֆորմալ առումով, բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր են: Արդեն հիմա, երբ սպասվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, նկատելի է այն միտումը, որը մշտապես կար մեր քաղաքական դաշտում: Ընդդիմադիրները կենտրոնանում են ոչ այնքան իշխանությանը քննադատելու, որքան իրար «գաղտնիքները» բացահայտելու վրա: Ավելի կոնկրետ` քանի որ, ասենք, Գյումրիում եւ Վանաձորում, բացի իշխանության կուսակցությունից, ընտրություններին մասնակցելու են եւս 7-8 ընդդիմադիր կուսակցություններ, նրանք խնդիր ունեն ընտրողներին ապացուցելու, որ հենց իրենք են ամենաընդդիմադիրն ու ամենաարմատականը: Իսկ այդ ցանկությունից անմիջականորեն բխում է այն թեզը, թե ընդդիմադիր մրցակիցները ոչ միայն արմատական չեն, այլեւ «գաղտնի գործարքների» մեջ են իշխանությունների հետ, դրանց «նախագիծն են», «հաճախորդն են, «դհոլը» եւ այլն: Իհարկե, մի քանի ամսից, երբ մեկնարկի խորհրդարանական ընտրությունների պայքարը, այդ խոսակցությունները սաստկանալու են: Բայց ՏԻՄ ընտրությունները «գլխավոր փորձ» են` նաեւ այդ առումով:

Ինչ խոսք, կարող են լինել ե՛ւ «գործարքներ», ե՛ւ «նախագծեր»` դա աշխարհում ընդունված քաղաքական պրակտիկա է: Բայց ընդդիմադիրները պետք է հաշվարկեն` այն քարոզչական ռեսուրսը, որը ծախսվում է «դավադրություններ բացահայտելու» վրա, չարժե՞ արդյոք նպատակաուղղել իշխանություններին քննադատելու վրա, ընդդիմադիր գործընկերոջ վրա ցեխ շպրտելն արդյո՞ք քեզ` շպրտողիդ, ճեփ-ճերմակ է թողնում: Եթե ընդդիմադիրները վերցնեն թղթի մի էջ, բաժանեն երկու մասի եւ թվարկեն իրար վրա «մատերյալ» գրելու օգուտներն ու վնասները, ապա նրանք, կարծում եմ, հեշտությամբ կհամոզվեն, որ երկրորդ սյունակում ավելի շատ կետեր կլինեն:

Իհարկե, սրանք իմ սուբյեկտիվ նկատառումներն են: Որոշում ընդունողները քաղաքական գործիչներն են:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930