Նոր էի սկսել մեծ վեպեր կարդալ, ու աչքերս կարմրում-ցավում էին: Եվ մի օր հայրս ինձ տարավ քաղաք` բժշկի: Ես առաջին անգամ էի բժիշկ տեսնում, եւ նրա սպիտակ խալաթի մաքուր ճերմակությունից ու խոսքից աչքերիս ցավը անմիջապես էլ անցավ: Նա ինչ-որ կաթիլներ տվեց եւ կաթիլների հետ` բազմաթիվ խորհուրդներ:
Եվ քանի որ հայրս նոր տուն էր ուզում կառուցել, եւ այդ տան համար տախտակներ էին պետք, բժշկին տեսնելուց հետո գնացինք սղոցարան:
Դա քաղաքի ծայրին մի մեկուսացված, պարսպապատ տեղ էր: Եվ ես իմ մանկության կյանքում, բժշկից հետո, երկրորդ փորձությունն անցա, որոնք տարիներ հետո եւ մինչեւ այսօր ես դատապարտված եմ հիշելու` բժշկի բարի ժպիտը` ճերմակ խալաթով, եւ սղոցարանի սահմռկեցուցիչ վայնասունը, ուր գերաններից տախտակներ էին քաշում-կտրում: Եվ շուրջբոլորը թեփ էր, թեփ, թեփ, թեփ, չգիտես ինչու՝ զարմանալիորեն խոնավ ու օտարված:
Եվ ես վախեցա: Ինչպես վախեցել էր մանուկ Վահան Տերյանը նույն քաղաքի ճանապարհին, երբ առաջին անգամ ծառ էր տեսել, քանի որ Գանձա իրենց գյուղում այդ ժամանակ ծառ չկար:
Կարդացեք նաև
Իհարկե, պիտի անցնեին տարիներ, որ ես հասկանայի, թե ինչու էր այդպես դիմադրում գերանը եւ չէր ուզում, որ իրենից տախտակ քաշեն, եւ ինչու էր թեփը այդքան թաց: Ընթերցողը կարող է ինձ սենտիմենտալ համարել, բայց ես կռահեցի, որ այնտեղ դեռ գերան չդարձած կենդանի ծառն էր բռնաբարվում: Եվ թաց թեփն էլ ծառի արցունքներն էին, այն ծառի, որից մի օր մանկության տարիներին վախեցել էր Վահան Տերյանը…
Ինչ սարսափելի տեղ է, Տեր Աստված, սղոցարանը եւ ինչքան նման է այսօրվա մեր քաղաքական կյանքին:
Սրճարանում հանդիպում ես ծանոթիդ, եւ նա ասում է` տեսա՞ր, որ Ամերիկան չճանաչեց, բա որ ես ասում էի, մյուսն ասում է` գիտե՞ս, թե ինչքան վատ է գյուղերի վիճակը, երրորդը շարունակելով նույն տոնայնությամբ` հիշեցնում է` տեղյա՞կ ես, ինչքան մարդ է այսօր արտագաղթում, չորրորդ ծանոթս դնում է վերջակետը` ա՛յ, կտեսնես, որ ընտրությունները կեղծվելու են: Հետո արդեն սկսվում է. լսեցի՞ր, որ Ղազարոսը մտել է Վ կուսակցություն, իսկ Սաղաթելը Վ-ից դուրս է եկել եւ մտել է Ա կուսակցություն: Ես լսում եմ նրանց ու որոշում եմ չպատասխանել, բայց ասում եմ` իսկ գիտե՞ք, տղերք, որ Գանդին գնացել է Դանտի, հարցնում են` ինչո՞ւ է գնացել, ասում եմ` մեր գործով: Եվ բոլորը միասին ողջունում են` ա՜, Գանդին կարող է անել… Մի հարցնող լինի` նախ ինչի՞ համար եք ուրախանում, կամ գիտե՞ք՝ որտեղ է գտնվում Դանտին, իսկ Գանդին վաղուց մահացել է եւ ինչո՞վ պիտի օգնի մեզ…
Եվ այսպես մենք ամեն օր սղոցում ենք հայրենական մեր ծառը՝ ամեն մեկս մեր չափով մեր տախտակը պոկելու, առանց մտածելու, որ մենք բոլորս մեկ խնդիր ունենք` բարեհարդար տերեւ լինել դալարագեղ ծառի համար եւ երկիրը հեռու պահել սղոցարանի թախծից ու չմոռանալ, որ սեպտեմբերը մեր անկախությունների ծառի այլեւս հավերժական ամիսն է:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
02.09.2016