Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ»

Սեպտեմբեր 03,2016 15:00

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը`
քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին

– Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ազգային համաձայնության կառավարության մասին: Դուք պատկերացումներ ունե՞ք՝ ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ր ուժերի հետ է համաձայնություն նախատեսվում, ի՞նչ զարգացումներ սպասենք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

– Ազգային համաձայնության կառավարությունը արդյունավետ կառավարման մոդել է, որի գաղափարը դրվել է սահմանադրական բարեփոխումների հիմքում: Այն ոչ միայն հնարավորություն է պաշտոններ ունենալու, այլեւ քաղաքական պատասխանատվությունը կիսելու, ինչի ինստիտուցիոնալ հենքն էլ ապահովված է: Կարծում եմ, որ, բնականաբար, համաձայնությունը կլինի այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք կիսում են այն գաղափարախոսությունը, որ երկրի կառավարման գործընթացներում պետք է լինի ավելի մեծ ազգային համաձայնություն: Հուսով եմ, որ ընտրությունների նախաշեմին պայքարի մեջ կմտնեն այն քաղաքական ուժերը, որոնք կկիսեն պատասխանատվություն` պայքարելու տարբեր ժամանակներում մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետեւանքների վերացման ուղղությամբ եւ միասնաբար դիմակայելու նոր մարտահրավերներին:

– Ի՞նչ պաշտոնանկություններ կլինեն կամ կլինե՞ն պաշտոնանկություններ աշնանը:

– Կարծում եմ, որ շատ կարեւոր է մտածել ոչ թե պաշտոնի, այլ աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին, որտեղ կարող են լինել ե՛ւ պաշտոնանկություններ, ե՛ւ նոր պաշտոնների նշանակումներ, եւ սա բնականոն գործընթաց է:

– ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները սկսում են առարկայանալ. ԲՀԿ-ականները պնդում են, որ շարքային կուսակցականները նման պահանջ են առաջադրում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: ՀՀԿ-ում քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ էլ համաձայնություն կնքելու հարցը:

– Քաղաքականություն մտնելու կամ հեռանալու որոշումը յուրաքանչյուր անհատի իրավունքն է, եւ յուրաքանչյուր որոշում դեռեւս դատավճիռ չէ:

– «Սասնա ծռերի» գործողություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ դասեր պիտի քաղենք: Որո՞նք են այն կարեւոր դասերը, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները քաղել են իրենց լռության ընթացքում:

– Անգամ քաղաքական մեծ նպատակներին հասնելու համար չեն կարող արդարացվել այն միջոցները, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ողբերգական հետեւանքների: Իհարկե, հասկանալի է, որ միշտ էլ պատասխանատվությունը պահանջվում է իշխանությունից՝ թե՛ իր եւ թե՛ մյուս քաղաքական ուժերի գործունեության համար: Այնուամենայնիվ, ամեն ինչի գնով խնդիրների լուծումը չի արդարացվում ո՛չ իշխանության, ո՛չ էլ մնացած քաղաքական ուժերի կողմից: Խնդիրներ բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց խնդիրների լուծման նման մշակույթը հայ հասարակության համար դատապարտելի է: Սակայն անգամ այն պարագայում, երբ դեռեւս կան չլուծված խնդիրներ, դրանց լուծման այս ճանապարհն անընդունելի է, քանի որ խարխլում է պետության հիմքերը: Կարծում եմ, որ դասեր ունենք քաղելու բոլորս, եւ ցանկացած նման իրավիճակի նկատմամբ հաղթանակը երաշխավորված կարող է լինել միմիայն մեր հասարակության հավաքական կամքի, միասնականության, նվիրումի եւ հետեւողական ջանքերի համադրման շնորհիվ:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

02.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930